211652_close_icon
views-count1317 դիտում article-date 19:07 22-03-2017

Թիմային աշխատանքի դեպքում կհաջողվի փոփոխություն կատարել. ՍԱՊԾ պետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ` այսօր՝ մարտի 22-ին, քննարկում էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման՝ կառավարության որոշմամբ հաստատված ոլորտներն ու ժամանակացույցը, որի համաձայն պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է 2017 թվականի մայիսի 1-ից, իսկ Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում՝ 2018 թվականի մարտի 1-ից (ժամանակացույցն ամբողջությամբ տե´ս այստեղ): Ծառայության պետի խոսքերով, գործընթացը պետք է սկսել արդեն այսօրվանից՝ սահուն անցում կատարելու և իրացման ցանցերին առավելագույնս պատրաստվելու հնարավորություն ընձեռելու նպատակով: Սպանդանոցների սեփականատերերի հետ Ծառայությունն արդեն իսկ անց է կացրել տարբեր ձևաչափերով մի քանի հանդիպումներ՝ տեղեկացնելով բոլոր պահանջների ու պայմանների մասին, միաժամանակ՝ լսելով հնարավոր խնդիրների մասին և առաջարկելով լուծումներ: Նշենք, որ մի քանի սպանդանոցներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ապահովել իրացման ցանցներին սպանդանոցային ծագման մսով: Թե սպանդանոցների, թե իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները ողջունել են սպանդանոցային մորթի անցնելու ծրագիրը՝ որպես մատակարարվող մսի անվտանգությունն ապահովելու հարցում կարևոր փոփոխություն. բոլորն են պատրաստակամ սկսել գործընթացը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև անցումը կատարելու ժամկետների շուրջ: Ծառայության պետն ընդգծել է, որ մսի շուկայի կարգավորումը համալիր մոտեցում է պահանջում, և՝ որ աշխատանքներ են տարվում բոլոր փուլերում՝ մորթից մինչև իրացում, այդ շղթայում հատուկ ուշադրություն դարձնելով նաև անասնաբուժասանիտարական փորձաքննության որակին: «Պահանջեք, որ թե մատակարարը, թե անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ՍՊԸ-ները չխախտեն սահմանված պահանջները: Եթե մեր բոլորի պահանջը թիմային լինի, մեզ կհաջողվի փոփոխություն կատարել»,-նշել է ՍԱՊԾ պետը: Հանդիպման նպատակն էր նաև ներկաներին տեղեկացնել, որ առաջիկայում թարմ միս և մսեղիք, ինչպես նաև հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը պարտադիր է դառնալու, միաժամանակ վերահսկվելու է, որ դրանք տեղափոխող անձինք ևս ունենան սանիտարական գրքույկներ: Պահանջների մասին բոլոր տեղեկությունները և օրինակելի ձևերը ներկայացվեցին սլայդերային տարբերակով (շնորհանդեսն ամբողջությամբ տե´ս այստեղ): Ծառայությունը նաև նախատեսել է հատուկ պիտակ, որը կփակցվի փոխադրամիջոցի վրա և կհավաստի, որ այն համապատասխանում է տվյալ սննդամթերքի տեղափոխմանը ներկայացվող պահանջներին: ՍԱՊԾ-ն ներդնում է հանրային իրազեկման մեկ այլ նոր գործիք. մսի շուկայում գործող այն տնտեսավարողները, որոնց գործունեությունը պետական վերահսկողության արդյունքում դրական կգնահատվի և որոնք կդիմեն Ծառայություն, կարող են ստանալ այդ մասին հավաստող պիտակներ և, սպառողներին տեղեկացնելու նպատակով, փակցնել դրանք մսի իրացման վայրում:

Նմանատիպ նյութեր