211652_close_icon
views-count446507 դիտում article-date 11:08 19-03-2017

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում Toyota Camry-ն մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ 200 մ հայտնվել է ձորում. ընտանիքի անդամներից 2-ը տեղում մահացել են, 3-ը՝ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 9:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 50 DO 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 197 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մահացածների դիերը դուրս են բերել ձորից և շտապօգնության ավտոմեքենան նրանց տեղափոխել է Սիսիանի դիահերձարան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ, ով դեպքի վայրից վիրավորների հետ մեկնել է հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, ով նույնպես օգնել է վիրավորներին՝ հիվանդանոց տեղափոխելու գործում: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Արևիկ Թովմասյանի, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչ, 32-ամյա Վարդիթեր Գրիգորյանի անվամբ անձնագրեր և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Մուխսիյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Վթարի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վթարի ենթարկվածները ընտանիքի անդամներ են եղել, մահացածներն են՝ վարորդի մայրը, նշանածը, իսկ վիրավորներն են վարորդի հայրն ու եղբայրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր