211652_close_icon
views-count3424 դիտում article-date 20:56 27-02-2017

Պրահայում կայացավ գրական երեկո՝ նվիրված հայագետ Վացլավ Չեռնիի հիշատակին

Փետրվարի 23-ին Պրահայում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, կայացավ գրական երեկո՝ նվիրված վերջերս կյանքից հեռացած կովկասագետ, հայագետ, թարգմանիչ դոկտոր Վացլավ Չեռնիին: Միջոցառմանը, որը նախաձեռնել էին Չեխիայում Հայաստանի և Վրաստանի դեսպանությունները Կարլի համալսարանի արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի հետ համատեղ, ներկա էին Հայաստանի և Վրաստանի դեսպանները, Վացլավ Չեռնիի այրին, անվանի մշակութային գործիչներ, Կարլի համալսարանի ուսանողներ, հայ և վրաց համայնքների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Միջոցառումը վարում էին ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան և Վրաստանի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Չելիձեն։ Հանդես եկան Չեռնիի ուսանողներից՝ Միլադա Կիլիանովան, Աննա Սոխովան, Վերոնիկա Մարշիչկովան, ովքեր ներկայացրեցին Վացլավ Չեռնիի կողմից հայերենից չեխերեն թարգմանված Ֆրիկի, Նահապետ Քուչակի, Սայաթ Նովայի և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ: Չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովան հանդես եկավ հեղինակի հուշապատումներով, որտեղ արտացոլված էին նրա տպավորությունները Չեռնիի մասին: Իրենց ելույթներում ներկայացնելով Վացլավ Չեռնիին` մասնակիցները նշեցին նրա ավանդը հայագիտության և առհասարակ կովկասագիտության մեջ, պատմեցին հետաքրքիր դրվագներ նրա կենսագրությունից և ստեղծագործական կյանքից, ներկայացրեցին նրա մասին պատմող տեսաշարեր: Ունկնդիրներին ներկայացվեցին Սայաթ-Նովայի տաղերից, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մի հատվածի թարգմանությունը՝ Ռադովան Լուկավսկու մատուցմամբ: Միջոցառման ավարտին Չեռնիի ուսանողները հանդես եկան ծրագրային առաջարկությամբ՝ հրատարակելու հեղինակի հայերեն և վրացերեն ստեղծագործությունների չեխերեն թարգմանությունների առանձին ժողովածուն: Միջոցառումը եզրափակվեց հայկական և վրացական ուտեստեների հյուրասիրությամբ:

Նմանատիպ նյութեր