211652_close_icon
views-count4850 դիտում article-date 17:51 18-02-2017

Թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզոևը հանդիպեց համալսարանականների հետ

Փետրվարի 16-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հյուրն էր Ադրբեջանի քաղաքացի, թալիշական շարժման անդամ, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, ով տեղաբնիկ ժողովուրդների հանդեպ իրականացվող կողմնակալ քաղաքականության, ճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով քաղաքական ժամանակավոր ապաստան է ստացել Հայաստանի Հանրապետությունում: Հյուրին ողջունեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով ընդգծեց, որ հայ-թալիշական բարեկամական հարաբերություններըզարգացման նոր փուլ են թևակոխել: «Հարկ է նշել, որ մենք գնահատում ենք թալիշ ընկերների հետ համագործակցության զարգացումը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնում բարձր մակարդակով ուսումնասիրվում են թալիշական լեզուն, գրականությունը և մշակույթը: Ներկայումս էլ ես և մեր մյուս մասնագետներըզբաղված ենք թալիշերենի դասագրքի մշակմամբ»,- նշեց ամբիոնի վարիչը և ներկաներին անկաշկանդ շփման ու զրույցի կոչ արեց: Լրագրող Շահին Միրզոևը շնորհակալություն հայտնեց հայ ընկերներին հրավերի համար և նշեց, որ մայրենի լեզվով հեռուստատեսություն, ռադիո, թերթեր և դասագրքեր ունենալու պահանջն Ադրբեջանում անջատողականություն է համարվում, իսկ նրանք, ովքեր այդ մասին խոսում են, ազգի թշնամի են դառնում: «Ադրբեջանական թալիշները փաստացի տեղեկատվական շրջափակման մեջ են: Եվ բոլոր նրանց, ովքեր փորձում են որևէ կերպ դիմադրել դրան, խիստ պատիժ է սպառնում: Դա է պատճառը, որ այսօր ես այստեղ եմ: Ինձ անչափ ուրախացնում է այն, որ Հայաստանումուսումնասիրվում ու պահպանվում է թալիշերենը, ինչը մենք Ադրբեջանում անել չենք կարող»,- ասաց Շահին Միրզոևը: Համալսարանականները բավականին ակտիվ զրուցում էին հյուրի հետ, իսկ ուսանողներից ոմանք էլ նույնիսկ ադրբեջաներենով հարցեր էին պատրաստել, սակայն լրագրողը նախընտրեց հարցերին ռուսերենով պատասխանել: «Կներեք, որ ռուսերենով եմ պատասխանում, ուղղակի ես խոստացել եմ ադրբեջաներենով երբևէ չխոսել, չնայած որ երեխաներիս հետ պարզապես ստիպված եմ այդ լեզվով խոսել, նրանք ծնվել ու մեծացել են Բաքվում: Ադրբեջաներենն ինձ համար մեռած լեզու է»,- նշեց Շահին Միրզոևը:

Նմանատիպ նյութեր