211652_close_icon
views-count2610 դիտում article-date 14:05 09-02-2017

Կարեն Կարապետյանը հանձնարարեց սփյուռքի հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարեց արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել առաջարկություններ ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների սահմանման վերաբերյալ՝ այդ երկրների տնտեսական հետաքրքրությունների և ներուժի ենթատեքստում: «ՀՀ զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը: Այդ նպատակով հանձնարարում ենք սփյուռքի նախարարին գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ծրագիր մշակել սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ»,- հանձնարարեց վարչապետը: Կրթության և գիտության, Սփյուռքի նախարարություններին Կարեն Կարապետյանը հանձնարարեց ծրագիր մշակել՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, մայրենի լեզվի իմացության մակարդակի բարձրացման և Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու վերաբերյալ: Կարեն Կարապետյանը Հրանուշ Հակոբյանին և Սուրեն Կարայանին հանձնարարեց նաև մեկ շաբաթվա ընթացքում ծագումով հայ գործարարներին տրամադրել առկա ներդրումային ծրագրերը և մշտական կապ պահպանել նրանց հետ:

Նմանատիպ նյութեր