211652_close_icon
views-count25584 դիտում article-date 21:02 30-12-2016

Եկե՛ք Ամանորի գիշերը բոլորս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բաժակ բարձրացնենք մեր հերոսական բանակի համար. Սեյրան Օհանյան

Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ավարտին է մոտենում 2016 թվականը՝ լի դժվարին փորձություններով և ծանր դառնությունների գնով ձեռք բերված թանկ հաղթանակներով: Վտանգի պահին մենք ականատես եղանք համազգային միավորման ու վերելքի և բռունցք դարձած գոտեպնդվելով՝ անառիկ պահեցինք այն հողը, որ քանիցս ներկվել է մեր մարտական ընկերների, մեր որդիների տաք արյունով: Ազատամարտի առաջին օրից մինչև այսօր հանուն հայրենիքի նահատակված քա՛ջ հայորդիներ, մտովի թվարկելով և սրտումս ունենալով ձեր անունները՝ խոնարհվում եմ ձեր պայծառ հիշատակի առաջ: Մենք պատասխանատվություն ենք կրում ձեր կյանքով փրկագնված ամեն մի թիզ հողի համար: Այսօր սահմանին կանգնած ձեր ընկերները շարունակում են ձեր սրբազան գործը: Սիրելի՛ զինակից ընկերներ՝ սահմանին կանգնած սպաներ ու զինվորներ, մեր բոլորի սրտերը, հույզերը, մտքերը ձեզ հետ են: Ու թեև դուք չեք բարձրաձայնում ձեր խիզախության, ամենօրյա սխրանքների մասին, սակայն ես լավ գիտեմ՝ ինչպիսի դժվարությամբ, բայց նաև շատ բարձր պատասխանատվությամբ եք կատարում ձեր ծառայությունը՝ լուռ և հպարտ պահպանելով մեր Հայրենիքի անառիկությունը, հսկելով մեր ընտանիքների, ծնողների և երեխաների անվտանգությունը: Օրեր անց մենք կթևակոխենք 2017 թվական: Ինձ համար սպասելիքները և ծրագրերը հստակորեն ուրվագծված են: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի արմատական բարեփոխումների, քաղաքական հարաբերությունները՝ որակական նոր մակարդակի բարձրացման և կառուցողական վերադասավորումների, անվտանգության համակարգը՝ առավել հզորացման: Այս ամենին զուգահեռ՝ արդարության առավելագույնս հաստատումը վստահության ալիք կառաջացնի մեր հասարակության շրջանում: Մի քանի ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց դերն ու նշանակությունը մեծապես տարբերվում են նախորդ ընտրություններից. մեզ սպասվում են նախագահականին հավասարազոր ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը: Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրիս քվեից է կախված մեր պետության հետագա ընթացքը: Յուրաքանչյուրիս քվեից է կախված՝ կզարգանա՞ տնտեսությունը, թե կշարունակի դոփել նույն տեղում, կվերականգնվի՞ արդարությունը, մեր հայրենակիցների ընտանիքները կմնա՞ն Հայրենիքում, թե կբռնեն արտագաղթի ճանապարհը: Եվ ի վերջո, հակառակորդը կգնա՞ ռազմական արկածախնդրության, թե կընտրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Եկել է իրական գործողությունների, իրական արդյունքների և ձեռքբերումների ժամանակը: Պետք են նոր լուծումներ, նոր համարձակ քայլեր: Մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք: Հզոր և արարող ժողովուրդ լինելով՝ 10-միլիոնանոց համաշխարհային հայկական հանրությունը պետք է ունենա միասնական նպատակներ, և ողջ հայության համատեղ ուժերով զարգացնի Հայաստանն ու Արցախը: Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք Ամանորի գիշերը, երբ կղողանջեն ժամացույցի զանգերը՝ ավետելով նոր տարվա սկիզբը, բոլորս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բաժակ բարձրացնենք մեր ստեղծագործող և հողը շենացնող ժողովրդի համար, մեր հերոսական բանակի համար: Մաղթենք, որ գալիք տարում հայ ժողովուրդը ընթանա համազգային երազանքների իրականացման ճանապարհով՝ ավելի հզոր ու անառիկ դարձնելով մեր պապենական ամրոցները՝ Հայաստանն ու Արցախը: Թող սերը, ջերմությունը, խաղաղ արարումի բերկրանքը չլքեն մեզ: Եվ հավատով տոկուն լինենք՝ պատրաստ միասին կերտելու մեր անվտանգ, զարգացող և հզոր հայրենիքը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ [b]Սեյրան ՕՀԱՆՅԱՆ [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր