211652_close_icon
views-count78039 դիտում article-date 09:00 01-09-2016

Հերթական ողբերգական ավտովթարը Արարատի մարզում. BMW-ի 33-ամյա վարորդը մահացել է, 3 անչափահաս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 33-ամյա Արտակ Բաբաջանյանը իր վարած BMW մակնիշի 34 FM 050 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում դեպի Մեղրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաբաջանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 16-ամյա Արսեն Այվազյանը, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 16-ամյա Ռուբեն Աղաբաբյանը և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ, 15-ամյա Դավիթ Ռամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնց ուժերով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որից հետո քարշակ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել դաշտից և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Գեղամ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր