211652_close_icon
views-count1337 դիտում article-date 18:28 25-08-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ

Հ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են իրենց համայնքը, ստացված պտուղը լավ ապրանքային տեսք ունի, գրեթե ամբողջությամբ արտահանվում է, հիմնականում` Ռուսաստանի Դաշնություն, հողատերը սալորն արտահանող ընկերություններին անմիջապես այգուց հանձնում է 130 դրամով` վճարումը ստանալով կանխիկ: Մյուս պտղատեսակների իրացման հարցում նույնպես խնդիրներ չեն ունեցել: Ֆերմեր Խաչատուր Կարապետյանն այս տարի շուրջ 15 տոննա բերքի ակնկալիք ունի, իրացման խնդիրներ չի ունեցել, ընդհանուր առմամբ բերքից գոհ է. գրեթե նույն քանակով սալոր էլ նախորդ տարի էր ստացել: Նախարարի այցելության վերջին կանգառը «Նոյյան» գործարանում էր, որտեղ ծանոթացել է լոլիկի մթերման ընթացքին: Նախարարը տնօրեն Էդիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, հետևել աշխատանքների ընթացքին: «Այս պահի դրությամբ հանրապետությունում արդեն իսկ շուրջ 10 000 տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 500 տոննայով ավել է: Այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում «Արտաշատի պահածոների գործարանը» և Արմավիրի «Նոյյան» գործարանը: Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մյուս մթերող ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն, նույնպես սկսեն մթերումների կազմակերպումը: Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի էականորեն աճել են լոլիկի արտահանման ծավալները, և բերքի մեծ մասը գյուղացիները հանձնել են արտահանողներին, ինչպես նաև ներքին շուկայում են սպառումը կազմակերպել»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր