3383 դիտում
21:35 30-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ. քննարկվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` խորհրդակցության մասնակցելու նպատակով, որի քննարկումների առանցքում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների հարցերն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:
Բացման խոսքում նախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներին և ընթացիկ տարվա անելիքներին: Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014 թվականին գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 7.2 տոկոս, ինչը բավականին դրական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնք ի հայտ եկան նախորդ տարվա սկզբին` գարնանային ցրտահարություն, սակավաջրություն և այլն:
«Պետության աջակցության ծրագրերով և հատկապես գյուղացիների քրտաջան աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները և ոլորտում գրանցել գոհացուցիչ արդյունքներ: Արմավիրի մարզում նույնպես անցյալ տարվա արդյունքներով դրական տեղաշարժ է նկատվել հողերի նպատակային, արդյունավետ օգտագործման և ցանքատարածությունների ավելացման ուղղությամբ, արձանագրվել է գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում,-իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Մասնավորապես մարզում առկա 41373․6 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է 31950 հա (77.2%), իսկ այս տարվա կանխատեսումներով կմշակվի 34250 հա` նախորդ տարվանից 2300 հեկտարով ավել։ Բանջարեղենի ցանքատարածություններով 2014 թվականին մարզը հանրապետությունում զբաղեցրել է 1-ին տեղը։ Բանջարեղենի ցանքատարածությունները օպերատիվ տվյալներով անցյալ տարի կազմել են 9645 հա, 2015 թ. կանխատեսումներով` կկազմեն 10145 հա` 500 հեկտարով ավել:
Խորհրդակցության շրջանակում նախարարը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թվով 5 համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերված որդալվիճ (ֆիլոքսերա) հիվանդության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ: Նա նաև նշել է, որ այդ վնասատուի դեմ պայքարի միակ միջոցն ամբողջ աշխարհում վարակված այգիները ոչնչացնել է` դրա հետագա տարածումը կանխելու նպատակով, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պետք է առաջիկայում քայլեր կատարի խաղողի ֆիլոքսերակայուն այգիների հիմնելու ուղղությամբ: Միաժամանակ նախարարը հորդորել է քայլեր ձեռնարկել խաղողի սեղանի սորտերի արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ:
Այնուհետև հատուկ անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ թեպետ ընթացիկ եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, սակայն նախարարությունը հաշվի է առել բոլոր հնարավոր ռիսկերն ու ամենավատատեսական սցենարները, ուստի դեռևս դեկտեմբեր ամսից կոնկրետ քայլեր են իրականացվում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման համակարգը նախապատրաստելու և կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ քայլեր են կատարվում հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգ ներդրելու ուղղությամբ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն իր հերթին զեկուցել է, որ այս տարի ՋՕԸ-երի առջև շատ սեղմ ժամկետներ են սահմանվել համակարգն արդեն իսկ մարտի 1-ին ոռոգման սեզոնին պատրաստելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարում մարզում նախատեսվում է գույքագրել բոլոր չշահագործվող խորքային հորերը` անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես աշխատունակ վիճակի բերելու և ջրի հավելյալ պաշարներ ապահովելու համար:
Նախարարի հավաստմամբ այս տարի նույնպես կշարունակվեն գյուղացիներին տրամադրվող դիզելային վառելանյութի, պարարտանյութերի պետական աջակցության ծրագրերը և գյուղացիների կողմից ներկայացված պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համարե ոսկե մեդալով պարգևատրվեց Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:
Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նաև Մեծամորի պոմպակայան, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
421 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
304 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
310 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել