109470 դիտում
09:44 17-08-2016
Արարատի մարզում ընտանիքի անդամները Mercedes S 500-ով հարսանիքից վերադառնալով՝ ենթարկվել են խոշոր վթարի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 46-ամյա Համլետ Այվազյանը իր վարած Mercedes Benz S 500 T100 CC 56 RՍՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես ժամանակավորապես արգելապատնեշ ծառայող ավազակույտին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նա բախվել է բետոնե սյուներին, իսկ հետո՝ շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին, որից հետո մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Այվազյանը և ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Ռոզա Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ՌԴ քաղաքացի, 3-ամյա Արամ Այվազյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր Հ. Այվազյանն ու Ռ. Թումանյանն ամուսիններ են, իսկ Արամը նրանց տղան է։ Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել այդ պահին վթարի վայրով անցնող Մարինե Պողոսյան անունով մի աղջիկ և մասնագիտությամբ էներգետիկ, Արամ անունով մի երիտասարդ, ովքեր վիրավորներին հասցրել են մինչև մոտակա ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի մոտ, և ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենան, նրանց բժիշկների օգնությամբ տեղափոխել են հիավանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները օգնություն են ցուցաբերել նաև Մարինեին և Արամին, քանի որ վերջիններս նույնպես տուժել են, երբ աշխատանքներ են կատարել՝ կողաշրջված ավտոմեքենայից դուրս բերելով վիրավորներին։
Հիվանդանոցից էլ ֆոտոլրագրողին հայտնել են, որ եթե նշված անձինք ճիշտ և օպերատիվ չգործեին, հնարավոր էր՝ վիրավորները արնաքամ լինեին։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից ժամանել է Մասիսի քննչական բաժնի քննիչ Օսիպյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքը մասնակցելիս է եղել իրենց բարեկամի հարսանեկան արարողությանը և վերադառնալիս են եղել հարսանիքից։
Հիվանդանոցներից ֆոտոլրագրողին հայտնել են, որ ընտանիքի անդամները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+