211652_close_icon
views-count1258 դիտում article-date 18:52 24-03-2026

Աբովյանից Նոր Գյուղ և մի քանի գյուղեր տանող 1,5 կմ-ոց ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում, հետիոտներն էլ քայլելիս խաչակնքվում են․ անունը դրել են «փոսացեխախրամատային» ճանապարհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ամիսներին Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքից դեպի Նոր Գյուղ և հարակից գյուղեր տանող ճանապարհահատվածը վարորդների համար ավելի շատ նմանեցնում է պատերազմական գոտու կամ ավտոպահեստամասերի գերեզմանի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը գրեթե ամեն օր այդ մի քանի կմ-ոց ճանապարհի տարբեր հատվածներում եղած փոսերն են, այդ թվում «մարդաբոյ», երբ ավտոմեքենաները հայտնվում են փոսերում, կոտրվում են անվահեծաններն ու թափարգելները, պայթում անիվները, նույնիսկ եղել են դեպքեր, որ փոսերից փախցնելու հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում 100-ից ավելի վարորդներ, ինչպես նաև մեծ թվով հետիոտներ իրենց զայրույթն էին ողղում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառացվուծքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ասելով․ «21-րդ դար, որ պետք է ունենայինք երթևեկելի ճանապարհներ, առանց խոչընդոտների, բայց հիմա անբարեկարգ ճանապարհի պատճառով կարելի է ասել, որ քարե դարում ավելի անվտանգ կլիներ։ Ամեն օր ավտոմեքենաներ ա, որ կտրվում են։ Ամեն օր հետիոտները խաչակնքվում, նոր անցնում են էդ ճանպարհով, որ Աստված չանի փոսերից փախցնելու պատճառով վարորդները վրաերթի չենթարկեն իսկ անձրևային եղանակներին երեխաներին չենք կարողանում այդ հատվածով մանկապարտեզ ու դպրոցներ տանենք, կարող ա մի հատ ուղեղից թոփալ վարորդ Շումախերի արագությամբ այնպես անցնի, որ եթե ցեխաջրով պրծնենք՝ լավ է։ Ավտոմեքենայի գույքահարկի համար վճարումները կատարում ենք, բայց զրո որակ։ Ուզում ենք հասկանալ, վերջապես երբ է  «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արջաքնից արթնանալու ու հստակ գործ անելու, ոչ թե հենց աղմուկ ա բարձրանում բերում հող ու ավազ են լցնում, դրանով երևի փորձում են մեր «ականջներին լափշա կախեն»։

Երևի ճիշտ կլինի էդ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անունը փոխեն ու դնեն «Փոսացեխախրամատային ճանապարհային դեպարտամենտ», որ գոնե մենք էլ որ երբ կնգնենք փոսերի մեջ, երբ երեխաները ցեխոտվեն, գոնո սրտներիս հովանք լինի, որ ճիշտ անուն են դրել։ Հլը ցերեկը գոնե տենսում ես փոսերը, կարողանում ես շրջանցել, երբեմն էլ փախցնես, բայց գիշերային ժամերին նաև արտաքին լուսավորության պակասն ենք զգում։

Հիմա ուզում ենք հավատանք, որ վերջապես էս մի քանի կմ-ոց ճանապարհը, որը մի քանի գյուղեր է կապում Աբովյանի, անգամ Երևանի հետ վերջապես վորակյալ ասֆալտի երես կտեսնի ու «Թամարա» կաթնամթերքի աշխատակցիները, երբ մածունը հասցնեն սպառողներին այն թան չի դառնա, իսկ դրա պատճառը նա է, որ էս փոսերի միջով էն տեսակ են նաև «Թամարա»-ի ավտոմեքենաները անցնում, որ բարձված են կաթնամթերքներով, այդ թվում մածունով, այն դառնում է թան»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր