211652_close_icon
views-count38231 դիտում article-date 23:32 27-10-2015

Ի՞նչ պարզեց դատարանը. Ինչո՞ւ Էր թոռը սպանել տատին, ով «Օժիտ» խանութների ցանցի սեփականատերն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ «Օժիտ» խանութների ցանցի սեփականատիրոջ՝ Սիլվա Գալստյանի սպանության գործով հերթական նիստը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նիստի ընթացքում տեղի է ունեցել գործով եղած ապացույցների հետազոտում: Պարզվել է, որ սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանը բարձրագույն կրթություն ունի, ավարտել է տնտեսագիտական համալսարանը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի, ազատված է եղել զինվորական ծառայությունից: Դատարանի որոշմամբ, վկաներ` ամբաստանյալի մայրը` Անահիտ Մարգարյանը և ընկերուհին պետք է բերման ենթարկվեին սակայն նրանց գտնվելու վայրը չէր պարզվել և արդյունքում դատարանը հրապարակեց նրանց, ինչպես նաև Ալբերտի խորթ եղբոր նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալի մայրը՝ Ա. Մարգարյանը, հայտնել էր, որ ամուսնալուծված է Ալբերտի հոր հետ, չի աշխատում, իսկ նախկինում աշխատել է որպես դերձակ: Որդին նախկինում իր հետ է բնակվել, հետո տեղափոխվել է հոր մոտ և բնակվել տատի՝ սպանված Սիլվա Գալստյանի՝ Ձորաղբյուրի տանը: «Ինքն ապրում և շնչում էր հոր ու տատի օդով, այսինքն՝ նրանց հետ շատ մտերիմ հարաբերություններ ուներ: Ես Ալբերտի համար մի զույգ գուլպա անգամ չեմ առել, իսկ տատը նրան իր հետ Եվրոպա էր տանում»,- ցուցմունքում գրել է Ա. Մարգարյանն: Նա նաեւ պատմել է .«Մի օր Սիլվան զանգեց, ասաց՝ արի, տղայիդ տար: Հոգնել էր նրա թափթփվածությունը հանդուրժելուց, նրա համար եփել-թափելուց, նա բողոքում էր, որ Ալբերտն առանց իրեն հարցնելու մեքենան փախցրել է, ինքն էլ Ալբերտի շորերը պատուհանից դուրս է նետել, վիճել են, դուրս է հանել տանից, իսկ Ալբերտն ասել է, որ չի գնա, քանի որ դա իր հոր տունն է»,- գրել է վկան: «Ալբերտը իր տատին ավելի շատ էր սիրում, քան ինձ, միշտ ասում էր, որ ես իր համար բան չեմ արել, և որ տատն ու հայրն իր համար ամեն ինչ անում են»: Նաև հայտնել է, որ խանութի աշխատակիցներից է տեղեկացել, որ Սիլվան անհետացել է: Դրանից հետո խոսել է որդու հետ, սակայն չի իմացել, որտեղ է նա: Ա. Մարգարյանի խոսքով՝ որդին ծխախոտից, թմրանյութից, ալկոհոլից և մոլախաղերից կախվածություն չի ունեցել, և շփվող չի եղել: Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Ալբերտ Մոմջյանը, ժամանակավորապես բնակվելով իր տատ` Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո գիշերը իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/21/27878/ ]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ այրված դիակի մնացորդներ: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն էր, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր