68489 դիտում
13:41 31-08-2015
Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի. ըստ դատաբժշկի՝ մահը վրա է հասել սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև դատական բժիշկը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 15 բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցի վրա, հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած 52-ամյա Վահան Աղաջանյանի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի հանձնարարականով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+