211652_close_icon
views-count673 դիտում article-date 14:37 25-10-2014

Հայաստանը մասնակցել է Դանիայում զինանշանների և հերալդիկայի միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց միջազգային ցուցահանդես` նվիրված ազգային հերալդիկային և զինանշաններին, որը կազմակերպվել էր Կոպենհագենի քաղաքային Խորհրդի, Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների կողմից` Նորին Մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո: Ցուցահանդեսին ելույթներ ունեցան Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի նախագահ Կայ Լարսենը, Կոպենհագենի քաղաքապետարանի երեխաների և երիտասարդության հարցերով քաղաքապետ Փիա Ալերսլևը և Դանիայում հավատարմագրված դուայենը` Բուրկինա Ֆասոյի դեսպան Մոնիք Իլբուդոն: Կոպենհագենի Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի կողմից կազմակերպած միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել և ցույց տալ, թե ինչպես է օգտագործվում հերալդիկան մեր օրերում աշխարհի տարբեր երկրներում: Ցուցահանդեսին 25 տարբեր երկրների դեսպանություների մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու այդ երկրների ազգային, պետական, ազնվական ընտանիքների, արդյունաբերական, առևտրական, սպորտային, մշակութային ընկերությունների անցյալի և ներկայիս զինանշաններին, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուր երկրի պատմության համար: Դանիայում ՀՀ դեսպանությունը ևս ներկայացված էր այս ցուցահանդեսում, որի վահանակը ձևավորված էր, և հերալդիկայի նմուշները ներկայացված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից: Ցուցադրված հայկական հերալդիկ նմուշները ցույց են տալիս մեր երկրի հարուստ և յուրահատուկ պատմությունը` սկսած մ.թ.ա. III հազարամյակից մինչև ՀՀ ներկայիս զինանշանները: Հերալդիկային նվիրված միջազգային ցուցահանդեսը բազմաթիվ այցելուներ ունեցավ, իսկ ցուցադրությունը Կոպենհագենում շարունակվելու է մինչև նոյեմբերի 6-ը:

Նմանատիպ նյութեր