Երևանում վրաերթի է ենթարկվել՝ Հայաստանում Ռումինիայի հյուպատոսը. նա հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 28-ամյա Օնիսիմ Բիվոլարոն Բարբյուսի փողոցի թիվ 15 հասցեի՝ Հայաստանում Ռումինիայի պետության դեսպանատան վարչական շենքի դիմաց կայանել է իրեն պատկանող Օպել-Աստրա մակնիշի B 170 LAR համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Օ. Բիվոլարոն, որն աշխատում է Ռումինիայի պետության դեսպանատանը որպես հյուպատոս, իր իսկ ավտոմեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Վրաերթից հետո նրա ավտոմեքենան բախվել է նշված փողոցում կայանված Ռենո մակնիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի