49838 դիտում
18:21 22-09-2014
Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են Աբովյանում աղմկահարույց ավազակային հարձակում և սպանություն կատարողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը՝ Կոտայքի մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանի գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ, իսկ հետո իրացնելով օպերատիվ տվյալները, քիչ առաջ հայտնաբերել են Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 40 շենքի բնակիչ, 26-ամյա Վարդան Բաբայանին, և Գեղարքունիքի մարզից նույն մարզի Դպրապակ գյուղի բնակիչ, 23-ամյա Սուրեն Հակոբյանին, և բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Վերջիններս, տեսնելով, որ ոստիկանության ստացած օպերատիվ տեղեկությունները հիմնավոր են, խոստովանել են, որից հետո ոստիկաններին են ներկայացրել տուժողի տնից հափշտակած գողոնի մի մասը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 10֊ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․00֊ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա 4 շենքի 64 բնակարանի լոգարանում կնոջ դի կա։
Նշված հասցե էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ֊մայոր Արամ Զաքարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լ․ Սաֆարյանը, Կոտայքի մարզի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Բաղդասարյանը, Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը։ Ժամանել էր նաև դատական բժիշկը, ով մահացածի դին զննելով՝ հայտնել էր, որ մինչև կնոջը խեղդամահ անելը մարդասպանը բութ առարկայով 6 անգամ հարվածել է զոհի գլխին, այնուհետև հյուրասենյակից տեղափոխել է լոգարան և խեղդամահ արել։ Պարզվել էր՝ մահացածը 70֊ամյա Ռաիսա Մարգարյանն էր։
Պարզվել էր նաև, որ հանցագործը սպանությունը կատարելուց հետո ննջասենյակից հափշտակել է 250 հազար ՀՀ դրամ և ոսկյա զարդեր։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Ա․ Մակինյանը, ում հանձնարարականով քննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ սպանության և կողոպուտի հատկանիշներով։
Ոստիկանությունը ձեռնարկում էր օպերատիվ֊հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձին հայտնաբերելու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+