211652_close_icon
views-count4462 դիտում article-date 20:35 18-07-2026

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. «Թիմ Տելեկոմ»-ի անփութության պատճառով մի քանի շենքեր հոսանքազրկվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գեղամ Անտոնյանն ու Արտակ Սաֆարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ 

Տեղում պարզվել է, որ նշված ենթակայանի մոտ «Թիմ Տելեկոմ»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենան կայանել է «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը, ով աշխատանքներ է իրականացրել և իրենց պատկանող կապի միջոց վահանին էլեկտրաէներգիա տալու ժամանակ ավտոմեքենայի մեջ տեղադրված գեներատորից հրդեհ է բռնկվել և տարածվել ավտոմեքենայի մեջ, ինչի ժամանակ էլ նաև պայթյուն է տեղի ունեցել։ Այդ ամենի հետևանքով «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակցի՝ աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով խոշոր չափի վնաս է պատճառվել ՀԷՑ-ի ենթակայանին և դրանից դուրս եկող մալուխների, ինչի հետևանքով նշված ենթակայանից սնուցվող 5 բազմաբնակարանային շենքեր հոսանքազրկվել են։

Արդեն ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի մասնագետներն անհետաձգելի աշխատանքներ են իրականացնում, որպեսզի էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ֆոտոլրագրողը հայտնում է տեղեկությունները, որ հրդեհը բռնկվել է ՀԷՑ-ի սպասարկվող մեքենայից, իրականությունից հեռու է։

Տեղում «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններին հայտնել է, որ կրակի մատնված ավտոմեքենան պատկանում է իրենց ընկերությանը։

Լուսանկարները և տեսանյութը` Գևորգ Ղազարյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր