211652_close_icon
views-count520 դիտում article-date 19:43 23-09-2026

Մենք ունենք ընդամենը մեկ մարզադաշտ, այն էլ՝ հարյուր տարեկան․ Մելիքյանը՝ հայկական ֆուտբոլի գլխավոր խնդրի մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայկական ֆուտբոլի հասցեին հնչող մշտական քննադատությունների, ենթակառուցվածքների սուր պակասի, ինչպես նաև սպորտի զարգացման գործում պետական ծրագրերի և աջակցության կենսական անհրաժեշտության մասին։

— Պարոն Մելիքյան, հայկական ֆուտբոլը, թերևս «Արարատ-73»-ից հետո, մշտապես քննադատության կենտրոնում է։ Շատերն անգամ ասում են՝ լավ կլինի ֆուտբոլի փոխարեն այլ մարզաձևով զբաղվենք։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցմանը, և ինչպե՞ս եք տեսնում խնդիրների լուծումն ու հայկական ֆուտբոլի ապագան։

— Նման բան ասողները պարզապես հարցին մակերեսորեն են մոտենում և չեն խորանում իրական խնդիրների մեջ։ Եթե խորանանք, կհասկանանք, որ մեր երկիրը 30 տարի պատերազմի մեջ է եղել, և ֆուտբոլը երբեք չի ներառվել պետության զարգացման ծրագրերում։ Իսկ առանց պետական ծրագրի հայկական ֆուտբոլն առաջ չի գնալու։ Այս վիճակով մենք կարող ենք պարզապես մեկ-երկու խաղ հաղթանակ «փախցնել», բայց կայուն զարգացում չի լինի։ Մենք ունենք ընդամենը մեկ ազգային մարզադաշտ, այն էլ՝ հարյուր տարեկան։

Հաճախ ենք մեզ համեմատում այլ երկրների հետ. օրինակ՝ նայեք, թե Վրաստանում պետությունը որքան նոր մարզադաշտեր է կառուցել։ Իսկ մենք չունենք բավարար ենթակառուցվածքներ, իսկ նորմալ պայմաններ ստեղծելը մեծ ֆինանսների հետ է կապված։ Փառք Աստծո, որ կա «Նոան», որը ստադիոն է կառուցում և մեծ ներդրումներ է անում, բայց միայն մեկ-երկու անհատի հաշվին հայկական ֆուտբոլը չի կարող գոյատևել։

— Այսինքն՝ աջակցությունն առաջին հերթին պետությունի՞ց եք ակնկալում։

— Միանշանակ։ Մեր պետությունը, կառավարությունը, նախարարները պետք է ոչ միայն սիրեն ֆուտբոլը, այլև այն ներառեն պետական ծրագրերի մեջ։ Ես մտածում եմ՝ եթե Աստված տա և մենք մի քանի խաղ անընդմեջ հաղթենք, ես անձամբ կգնամ և կխնդրեմ, կբացատրեմ, որ մեր ժողովուրդն այսօր ուրախության, դրական տրամադրության մեծ կարիք ունի, իսկ ֆուտբոլը դա տալիս է։ Պետությունը պետք է հոգ տանի իր ժողովրդի տրամադրության մասին։

Ես ապրում եմ Օպերայի հարևանությամբ և հաճախ եմ տեսնում, որ համերգներ ու պարային միջոցառումներ են կազմակերպվում։ Ես հասկանում եմ դրա նպատակը՝ փորձում են բարձրացնել մարդկանց տրամադրությունը, ինչը շատ լավ է։ Բայց ֆուտբոլը դա անում է տասնապատիկ ավելի. այն հսկայական էմոցիաներ է պարգևում։

Ես հասկանում եմ նաև, որ այս պահին գուցե մոտիվացիա չունեն աջակցելու, քանի որ արդյունք չեն տեսնում։ Բայց մենք էլ չենք կարող առանց պայմանների անընդհատ հաղթել, որպեսզի նոր միայն գնանք ու աջակցություն խնդրենք։ Նախ ներդրում են անում, հետո՝ արդյունք ստանում։ Իսկ մեզ մոտ հիմա ներդրում չկա, բայց պահանջը շատ ուժեղ է։ Կտեսնեք՝ սեպտեմբերի 25-ին և 28-ին ինչպես են մեզնից արդյունք պահանջելու, բայց թե ինչպես հասնել այդ արդյունքին այս պայմաններում՝ շատ քչերն են մտածում։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
 

Նմանատիպ նյութեր