211652_close_icon
views-count571 դիտում article-date 11:05 17-08-2026

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ երիտասարդների հետ հանդիպմանը

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը օգոստոսի 14-ին միացել էր «Տարբեր միջավայրեր, միասնական ձգտումներ» խորագրով նախաձեռնությանը` իր փորձառությամբ կիսվելու Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Միջոցառմանը մասնակցում էին Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, երիտասարդության ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը, Վաղարշապատի հանրակրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շրջել է մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում՝ ծանոթացել նրա գրական ժառանգությանն ու ստեղծագործական ուղուն։

Երիտասարդների հետ զրույցում Նախարարը ներկայացրել է իր մասնագիտական ճանապարհը, պետական համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձառությունը, հանդիպած մարտահրավերներն ու ձեռքբերումները։ Նա անդրադարձել է նաև ՆԳ նախարարության ձևավորման, կայացման ու ոլորտային բարեփոխումների գործընթացում իր մասնակցությանը։

Երիտասարդներին հետաքրքրել է, թե ինչպիսի մարտահրավերների է բախվել նախարարը՝ որպես ուժային կառույց ղեկավարող կին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ուժային կառույցում կին ղեկավարի ներկայությունը հասարակության մի մասի համար դեռևս ոչ բնական է ընկալվում, և կարծրատիպերը լիովին հաղթահարված չեն։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իր աշխատանքով պետք է ցույց տա, որ արժանի է զբաղեցրած դիրքին։ Ոլորտում մարդու տեղն ու դերը որոշվում են ոչ թե սեռով կամ տարիքով, այլ իրավիճակը կառավարելու կարողությամբ, գիտելիքների ու հմտությունների պաշարով և, ամենակարևորը, աշխատանքի արդյունքով։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև տարբեր սերունդների համագործակցության կարևորությանը՝ ընդգծելով երիտասարդների նոր մտածողությունն ու փորձառու մասնագետների կուտակած գիտելիքը համադրելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ փորձի և նորարար մտածողության արդյունավետ համադրումը կարող է յուրաքանչյուր ոլորտում ավելի լավ արդյունք ապահովել։

Երիտասարդները հետաքրքրվել են, թե արագ փոփոխվող աշխարհում ինչպես ընտրել այնպիսի մասնագիտություն, որը ոչ միայն արդիական և պահանջված կլինի, այլև հնարավորություն կտա իրացնել սեփական կարողությունները։

Արփինե Սարգսյանը նշել է, որ արդիականությունը չպետք է գնահատել միայն տվյալ պահին դրա նկատմամբ առկա պահանջարկով կամ վարձատրությամբ։ Նրա խոսքով՝ պահանջարկի ծավալներն ու ինքնաիրացման հնարավորությունները կարող են տարբեր լինել, սակայն յուրաքանչյուր մասնագիտություն կարող է արդիական լինել, եթե մարդն այն ընտրել է սիրով և պատրաստ է դրա հիման վրա հետևողականորեն կառուցել իր ապագան, ապահովել իր բարեկեցությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ երիտասարդները համայնքի կարևոր ուժն են և կարող են կապող օղակ դառնալ բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների և ՆԳՆ ոստիկանության միջև՝ նպաստելով խնդիրների ժամանակին բարձրաձայնմանն ու արդյունավետ լուծումներին։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է նաև ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի փորձը՝ որպես երիտասարդների ներգրավվածության և պետական կառույցների հետ երկխոսության օրինակ։

Խոսելով հանցավորության դեմ պայքարի, քրեական ենթամշակույթի արմատների մասին՝ նախարարը նշել է, որ մի կողմից յուրաքանչյուր անձ իր մոտեցումներով պետք է ձևավորի զրո հանդուրժողականություն հանցավոր բարքերի դեմ, մշակութային վերադիրքավորում ապահովի, մյուս կողմից պետությունը պետք է հետևողականորեն զարգացնի իր կարողությունները, իր գործողություններում լինի հատու և միանշանակ։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ պետության հետ կայուն իրավական կապը դրսևորվում է քաղաքացիությամբ, բայց պետության հետ կա նաև արժեքային ու հուզական կապ, որն արտահայտվում է պետության նկատմամբ վերաբերմունքով և հայրենասիրությամբ։
«Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում․ «Չի կարող միայն մեկը տալ, մյուսը միայն վերցնել։ Ես պիտի սիրեմ իմ պետությունը, պետությունը պիտի սիրի ինձ»։

Երիտասարդների հետ «Կենդանի գրադարանի» ձևաչափով հանդիպումը մասնագիտական փորձի փոխանակման հետ մեկտեղ հնարավորություն է տվել քննարկելու պետություն–համայնք–քաղաքացի փոխադարձ կապը, երիտասարդների դերը հանրային կյանքում և ապագայի նկատմամբ պատասխանատվության կարևորությունը։

Նմանատիպ նյութեր