211652_close_icon
views-count3031 դիտում article-date 11:28 15-08-2026

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Արաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբաման և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կան վիրավորներ. վարորդներից մեկը դատախազ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա - Ներսիսյան - Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Մինչ շտապօգնության ժամանումը, պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփում պահվող անհրաժեշտ պարագաներով օգնություն են ցուցաբերել վարորդներից մեկին՝ վիրակապելով գլուխը, ապա ժամանած շտապօգնությունը տեղափոխել է վիրավորներին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և վաշտի հրամանատար Ն. Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Գարիկ Գալստյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության» կողմից ճանապարհին տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ «Tesla»-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ աշխատակիցները, ովքեր սպասում էին, մինչև քննիչն ավարտի դեպքի վայրի զննությունը, որպեսզի կատարեն դեպքի վայրի մաքրման աշխատանքներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ «Tesla»-ի վարորդը դատախազ է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր