211652_close_icon
views-count313 դիտում article-date 18:50 02-07-2026

Իսրայելի բանակում նախազգուշացրել են զինծառայողների խիստ պակասի մասին

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) բարձրաստիճան ներկայացուցիչը կրկին կոչ է արել իշխանություններին ընդունել մի շարք օրենսդրական միջոցներ՝ զինծառայողների սուր պակասը հաղթահարելու համար՝ զգուշացնելով, որ առանց դրա բանակը կբախվի էլ ավելի լուրջ կադրային խնդիրների, հայտնում է The Times of Israel-ը։

Խոսելով խորհրդարանի Արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում՝ բրիգադի գեներալ Շայ Տայեբը, որը ղեկավարում է ՑԱԽԱԼ-ի Մարդկային ռեսուրսների վարչության պլանավորման և կադրային ապահովման բաժինը, հայտարարել է, որ բանակին անհրաժեշտ են երեք առանցքային օրենքներ՝ զորակոչի արդյունավետ օրենք, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի երկարացում և պահեստազորի մասին նոր օրենք։

Նրա խոսքով՝ կանոնավոր բանակի կադրային ռեսուրսները գրեթե սպառվել են։

«Կանոնավոր բանակը հասնում է իր սահմանին։ Տարվա մեծ մասը այն գտնվում է պատերազմի վիճակում, և մենք կրում ենք զգալի կորուստներ։ Ռազմական գործողությունների ինտենսիվությունը միայն աճում է, և առաջիկա տարիներին իրավիճակը հենց այդպիսին է լինելու», — հայտարարել է Տայեբը։

Ռազմական ղեկավարությունն արդեն բազմիցս դիմել է կառավարությանը՝ խնդրելով տղամարդկանց համար պարտադիր ծառայության ժամկետը վերադարձնել 36 ամսվա։ 2024 թվականի օգոստոսին այն կրճատվել էր մինչև 30 ամիս, սակայն կառավարությունը դեռ չի հաստատել բանակի առաջարկը՝ այն երկարացնելու վերաբերյալ։

Տայեբի խոսքով՝ եթե գործող օրենսդրությունը չփոխվի, ապա 2027 թվականի հունվարին կառաջանա լուրջ կադրային խզում, քանի որ կրճատված ժամկետով ծառայության զորակոչված զինծառայողների առաջին խումբը կավարտի ծառայությունը ավելի շուտ, քան նոր զորակոչիկները կկարողանան լիարժեք փոխարինել նրանց։

«Ծառայության ժամկետի երկարաձգումը թույլ կտա լուծել ուժերի ավելացման խնդիրը, նվազեցնել անձնակազմի ծանրաբեռնվածությունը և ապահովել բանակի համար անհրաժեշտ ճկունությունը», — նշել է գեներալը։

Նա հավելել է, որ ՑԱԽԱԼ-ն արդեն ձեռնարկել է լայնածավալ քայլեր զորքերի թվաքանակն ավելացնելու համար, այդ թվում՝ տասնյակ պահեստազորային գումարտակների ստեղծում, երկու նոր հետևակային գումարտակների ձևավորում և տասնյակ հազարավոր զինծառայողների վերադարձ պահեստազորային ծառայության։

Բացի այդ, բանակը աննախադեպ ջանքեր է գործադրում ուլտրաօրթոդոքս համայնքի ներկայացուցիչներին ծառայության ներգրավելու համար, սակայն, Տայեբի խոսքով, դա բավարար չէ։

Գեներալը զգուշացրել է, որ զորքերի համալրման գործող համակարգը, որը հիմնված է զորակոչի քառամսյա ցիկլերի վրա, անհամատեղելի է 30-ամսյա ծառայության ժամկետի հետ։

«Սա նշանակում է մարտական ստորաբաժանումների հազարավոր զինծառայողների կորուստ», — ընդգծել է նա։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ բանակին շտապ անհրաժեշտ են շուրջ 12 հազար նոր զինծառայող, այդ թվում՝ 7 հազար մարտական ստորաբաժանումների մարտիկ, քանի որ միաժամանակ մի քանի ուղղություններով երկարամյա պատերազմը զգալիորեն ավելացրել է ծանրաբեռնվածությունը թե՛ կանոնավոր ստորաբաժանումների, թե՛ պահեստազորայինների վրա։

Նմանատիպ նյութեր