211652_close_icon
views-count3385 դիտում article-date 10:13 22-05-2026

Ողբերգական դեպք՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ. բախվել են «Lexus»-ը ու «Triumph» մոտոցիկլը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նիկոլայ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան և 29-ամյա Էրիկ Տ.-ի վարած «Triumph» մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գոհար Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ «Lexus»-ի վարորդը բուժօգնության համար դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով մոտոցիկլը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Սիմոնյանն ու Արամ Սահակյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հենրիկ Սերոբյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

«Lexus»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր