211652_close_icon
views-count4744 դիտում article-date 10:03 07-10-2026

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ․ պարեկները և համայնքային ոստիկանները կանխեցին վրեժխնդրությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Nissan Pathfinder» և  «Lada» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից ըստ նախնական տեղեկությունների վրաերթի է ենթարկվել 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, և Վանաձորի շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։ 

Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Արսեն Չոբանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վահե Շահվերդյանն ու կրտսեր պարեկ Գնել Նորեկյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միլենա Եղշատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանի ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գառնիկ Տոնոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Lada»-ն կայանված է եղել, երբ «Nissan»-ը օգնություն է ցուցաբերել «Lada»-ի վարորդին, քանի որ ավտոմեքենային պետք է հոսանք տար ու այդ ժամանակ «Lexus»-ը բախվել է «Nissan»-ին և «Lada»-ին, ինչից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ։

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում իրավիճակը մի պահ լարվել էր, քանի որ մահացածի հարազատները ժամանել էին դեպքի վայր և փնտրում էին «Lexus»-ի վարորդին ու ամենավերջին խոսքերն էին ուղղում նրա հասցեին ասելով, որ նրան պիտի գտնեն ու հաշվեհարդար տեսնեն։ Սակայն պարեկներին ու ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին հաջողվեց կրքերը հանդարտեցնել։ Նաեւ կային մահացածի հարազատներ, ովքեր նույնպես հանդարտեցնում էին կրքերը՝ ասելով՝ պիտի ամեն ինչ թողնենք դատ ու դատաստանին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+

Նմանատիպ նյութեր