211652_close_icon
views-count976 դիտում article-date 21:30 20-05-2026

Բագրատ Սրբազանի 22 պատգամները՝ ծննդյան 55 ամյակին

Բագրատ Սրբազանի 22 պատգամները՝  ծննդյան 55 ամյակին․

1. Եթե սիրում ես, ապա մրցում ես Աստծո հետ: Աստված Ինքն իր մեծ սիրուց հաղթված` Ինքն Իրեն ընծայեց աշխարհի համար:

2. Հոգևոր Հայաստանը հաղթելու է «իրական, նոր հայաստանին»: «Իրական, նոր հայաստանը» մահն է, սուտը և պարտությունը, իսկ Հոգևոր Հայաստանը նահատակության, արդարության և Հաղթանակի մասին է:

3. Մեր երազներն ու իղձերն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:

4. Մի հարցրեք, թե` հնարավո՞ր է, թե՞ ոչ, այլ հարցրեք` անրաժե՞շտ է, թե՞ ոչ: Ինչպիսին լինի հարցադրումը մեր մտքում, այդպիսին էլ կլինի ելքը:

5. Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին, ճշմարտությունը` ստին:

6. Ծիծեռնակաբերդը իմաստ և ուժ է ստանում Եռաբլուրից... Զոհի ինքնությունից` հաղթողի ինքնություն:

7. «Մոռացված ազգ» լինելու հայեցակարգով պետք է հասնենք «Հաղթանակած Ազգ» լինելու տեսիլքի իրականացմանը:

8. Ցեղասպանության գաղափարը պետք է դառնա համակարգ, և «Այլևս երբեք»-ը պետք է դառնա բանաձև, սկզբունք և գործողություն` կյանք և կենցաղ:

9. Ապրելով` մեռնում ենք մեր բազմահազար նահատակ հայրերի, եղբայրների և զավակների լուսավոր հայացքի ներքո, ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ հաղթանակի տեսիլքը և սպանել այն: Կոչված ենք նույնանալու նրանց հետ...

10. Մենք չենք ձգտում պատերազմի, բայց միևնույն ժամանակ` ստորացնող, նվաստացնող, անպատիվ, անդիմագիծ, անգույն, անհայրենիք խաղաղություն էլ չենք ցանկանում:

11. Կյանքը գերագույն պարգև է, բայց ոչ գերագույն արժեք:

12. Կրթությունն առաքինի մարդ կերտելու արվեստն է:

13. Տնտեսությունն ինքնին նպատակ և երջանկություն չէ և չի կարող լինել, այլ սոսկ միջոց` մարդու արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի համար: Տնտեսությունը միջոց է և ոչ պաշտամունք:

14. Անհրաժեշտ է կյանքի կոչել բնապահպանական և տնտեսական այնպիսի ծրագրեր և ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի չխախտվի մարդու և բնության իրական հարաբերությունն ու հավասարակշռությունը և որպեսզի մարդկային «էկոլոգիան» չխաթարի բնական «էկոլոգիան» և հակառակը: Սա նաև, ամբողջական առումով, վերաբերմունք է կյանքի նկատմամբ` որպես Աստծու պարգև` գնահատելով կյանքի սրբազնությունը և որակը` անբաժան և ներդաշնակ արարչագործության հետ:

15. Հոգևոր և աշխարհիկ գիտության համագործակցությունն անհրաժեշտություն է: Այս երկու գիտակարգերը` գիտությունը և հավատքը, տարբեր մեկնակետեր ունեն, տարբեր ելակետեր, նպատակներ, մեթոդաբանություն` միևնույն ժամանակ փոխլրացնելով միմյանց:

Գիտությունը արարչագործության մասին է, իսկ հավատքը` Արարչի: Գիտությունը պատասխանում է «ինչպես» հարցին, իսկ հավատքը «ինչու» հարցին:

16. Իրավունք չունենք խխունջանալու, իրավունք չունենք այս ատելության և թշնամության մեջ ապրելու:

17. Հաշտությունը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն:

18. Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն,
չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ,
չեմ ներելու հանուն քեզ, Շուշի՛...

19. Քրիստոնեությունը մեզ այլություն է տվել: Այն թույլ մարդու, խեղճի կրոն չէ, այլ առաքինության մասին է:

20. Երեխան բեռ կամ հոգնություն չէ, այլ` օրհնություն:

21. Ընտանիքում սեռերի կամ ամուսինների միջև ոչ թե մրցակցություն պետք է լինի, այլ` փոխլրացում, ոչ թե իրավունք, այլ` սեր...

22. Մենք չենք ասում «ավանդական ընտանիք», այլ ասում ենք «քրիստոնեական ընտանիք», որն ավանդական ընտանիքն է:

«Քրիստոնեական ընտանիքը» քրիստոնեական արժեքներով ապրող, սիրո վրա կառուցված, խնամատարությամբ մեկը մյուսին ծառայող` սիրով ծառայող և սպասավորող և շատ զավակներ ունեցող ընտանիքն է: 

Նմանատիպ նյութեր