211652_close_icon
views-count430 դիտում article-date 13:09 19-05-2026

ՆԳՆ փրկարար ծառայության ու ֆրանսիական «ԱՍՊԵԲԵ» ՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել

Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Ներկա էր նաև ֆրանսիական «ԱՍՊԵԲԵ» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժաննենը։

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև արտակարգ իրավիճակների արձագանքման և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նա համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության փորձը կարող է մեծապես նպաստել Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։

Խոսելով համատեղ իրականացված ծրագրերի մասին՝ Փրկարար ծառայության տնօրենը մատնանշել է «Աղետների կառավարում» դասընթացը, «HOPE-2023» դաշտային վարժանքը, ինչպես նաև 2024 թվականի հեղեղումներից հետո կազմակերպված ճգնաժամային կառավարման և արձագանքման հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստումները։

Կարևորվել են նաև «VOLFIRE» ծրագրի շրջանակում ֆրանսիացի հրահանգիչների մասնակցությամբ 79 կամավոր հրշեջ-փրկարարների վերապատրաստումները։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության պատմությանը՝ Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության հիմքերը դրվել են դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերին, երբ շուրջ 500 ֆրանսիացի փրկարարներ ժամանել էին Հայաստան՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը վերածվել է կայուն և արդյունավետ գործընկերության։

Ավարտին Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանն ու ֆրանսիական «ԱՍՊԵԲԵ» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնարդ Ժաննեն արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքել են փոխըմբռնման հուշագիր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր