211652_close_icon
views-count478 դիտում article-date 21:37 07-05-2026

Չի բացառվում, որ օրերը դիտավորյալ են ընտրվել, որ մարդիկ ընտրության փոխարեն գնան գինի խմելու․ Քերոբյան․ Oragir.News

«Գինու փառատոնը պետք է հետաձգվի, որովհետև էդ փառատոնի օրերին կա պետական նշանակության միջոցառում՝ ԱԺ ընտրություններն են, և մարդկանց խտությունն է լինելու, ռիսկի կոնցենտրացիա, մարդիկ խմելու են, որը կարող է հանրային, հասարակական կարգի խնդիրներ առաջացնել հենց ընտրությունների օրերին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը՝ անդրադառնալով հունիսի 5-7-ը գինու օրերի անցկացմանը։

Նրա շեշտմամբ՝ այդ օրերին Երևանի կենտրոնական փողոցներից մեկը՝ Սարյան-Թումանյան-Մոսկովյան խաչմերուկը, փակ լինելու է, և երթևեկության խոչընդոտներ են առաջանալու։

«Մասնավորապես, Սարյան փողոցի վրա գտնվող ընտրատեղամասերից մեկը, այսինքն՝ դպրոցներից մեկը, որտեղ երկու ընտրատեղամաս կա, այնտեղ գնացող ընտրողների տեղաշարժն ինչ-որ չափով սահմանափակվելու է։ Մյուս կողմից՝ բացառված չէ, որ, ասենք, այդ գինու օրերը իրականում հենց դիտավորյալ են ընտրվել այդ օրերին, որպեսզի ընտրողների ինչ-որ հոսք ուղղվի այնտեղ՝ փոխանակ ընտրությունների գնալու։ Ես կարծում եմ, որ այստեղ կա դիտավորություն»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարելի է հասնել փառատոնի այդ օրերին անցկացման չեղարկմանը, Քերոբյանը նկատեց․ «Այնպես չէ, որ մեծ ենթակառուցվածքային մեծ պրոյեկտներ կան․ կարելի է մեկ շաբաթ շուտ կամ ուշ անել, և որևէ խնդիր այդ օրերի տեղափոխումը չի առաջացնի, մինչդեռ այդ օրերին գինու փառատոնը խնդիրներ է առաջացնելու»։

Հիշեցնենք՝ օրերս Oragir.News-ին ԿԸՀ-ից պատասխանել էին, որ լռությունը չի նշանակում, որ այդ մարդիկ իրավունք չունեն փողոցում քայլելու։ Դա նշանակում է, որ նրանք չեն կարող իրականացնել քարոզչություն։
 

Նմանատիպ նյութեր