211652_close_icon
views-count232 դիտում article-date 19:30 01-05-2026

Եվրամիությունը կարող է հայտարարել Հայաստանին տրամադրվող նոր ֆինանսական օգնության մասին. Թոմաս դե Վաալ

Հարավային Կովկասի երեք հանրապետություններից ամենափոքրն այժմ ամենադինամիկն ու ժողովրդավարականն է՝ դուրս գալով բազմամյա կիսամեկուսացումից։ Դրա պարգևը կլինի 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ութերորդ գագաթնաժողովի անցկացումը, որին անմիջապես կհաջորդի պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը։ Դրա մասին գրել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։

Սպասվում է, որ եվրոպացի առաջնորդները՝ նախևառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, աջակցություն կհայտնեն ԵՄ-ում Հայաստանի նախաձեռնություններին և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Հավանական է, որ վիզաների ազատականացման գործընթացը կշարունակվի, և կհայտարարվի նոր ֆինանսական օգնության մասին։

Ժամանակի ընտրությունը, իհարկե, պատահական չէ։ Ինչպես 2025 թվականին Մոլդովայում, ԵՔՀ գագաթնաժողովը նպատակ ունի ցուցադրել աջակցություն Եվրոպային բարեկամ կառավարությանը, որին սպասվում են վերընտրություններ և որը Ռուսաստանի ճնշման տակ է. այս անգամ դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և նրա «ՔՊ» կուսակցությունը։

Սակայն եվրոպացի առաջնորդները Երևանում ստիպված կլինեն գործել շատ զգույշ։ Իրականացնելով, ըստ ամենայնի, նախընտրական քարոզարշավ ի նպաստ Փաշինյանի՝ նրանք պետք է նաև քննարկեն ավելի ուժեղ և պակաս բևեռացված Հայաստան կառուցելու ավելի լայն հարցը։
Երկիրն ինքնին արժանի է Եվրոպայի համակողմանի ուշադրությանը։ Այն գտնվում է Բաքվի հետ ցավոտ, բայց վերափոխիչ խաղաղության պայմանագրի շեմին, որը կհանգեցնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ 1990-ականներից փակված երկու երկար սահմանների վերաբացմանը։ Երկիրն ունի նաև պատմական հնարավորություն՝ թուլացնելու չափազանց մեծ կախվածությունը Մոսկվայից, քանի որ ուկրաինական պատերազմը շարունակում է շեղել և հյուծել Ռուսաստանին։
Փաշինյանը՝ մարդը, որը գլխավորում է այդ փոփոխությունները, նույնպես արժանի է աջակցության, բայց վերապահումներով։ Նա միակ քաղաքական գործիչն է, որըվ ներկայացնում է Հայաստանի ապագայի իրական տեսլականը և ակտիվորեն ձգտում է ազատվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտության բեռից։ Ներկայում հիմնական ընդդիմությունը բաղկացած է երեք կասկածելի ընդդիմադիր կուսակցություններից, որոնք բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի հետ։

Գրավիչ այլընտրանքի բացակայությունը նշանակում է, որ Փաշինյանի «ՔՊ»-ն, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանի, ընդ որում՝ ավելի շուտ այլընտրանք չլինելու բերումով, քան ընտրողների զանգվածային խանդավառության շնորհիվ։ Սակայն նրան պետք է ավելին, քան սոսկ հաղթանակը. նոր սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնելու համար նրան անհրաժեշտ է խորհրդարանական ձայների երկու երրորդը՝ վերջին մնացած պայմանը, որպեսզի Ադրբեջանը ստորագրի հարաբերությունների կարգավորման պատմական համաձայնագիրը։
Սակայն այս տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ հույսը դնել միայն մեկ առաջնորդի վրա՝ առանց այլ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման, ռիսկային ձեռնարկ է։

Վրաստանի պատմությունը 2000-ականներին ուսանելի օրինակ է։ Նրա արևմտյան կողմնակիցները, հատկապես Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը, երկիրը դիտարկում էին որպես արևմտամետ նախագիծ և լաբորատորիա։ Նրանք այն անվանում էին «ժողովրդավարության փարոս» խնդրահարույց տարածաշրջանում և չէին ընկալում որպես իրական երկիր՝ իր կոնկրետ խնդիրներով։
Այն ժամանակ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին չափազանց մեծ անձնական ուշադրություն էր դարձվում։ Արդյունքում Սահակաշվիլիի կառավարման առաջին տարիների տպավորիչ հաջողությունները փոխարինվեցին մշտական ներքին ու արտաքին ճգնաժամերով, այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությամբ և Ռուսաստանի հետ պատերազմով։ Դա բացասական արձագանք առաջացրեց և իշխանության բերեց «Վրացական երազանքի» կառավարությանը, որը երես թեքեց Եվրոպայից՝ կոչ անելով ընտրողներին զգուշությամբ վերաբերվել Արևմուտքի խոստումներին։

Ինչպես իր վրացի նախորդը, Փաշինյանը կարող է իր երկրի համար դառնալ ինչպես կարճաժամկետ լուծում, այնպես էլ երկարաժամկետ խնդիր։
Փաշինյանը գնալով ավելի հակասական կերպար է դառնում հայ հասարակության մեջ։ Նա ձևակերպում է խաղաղության ձգտումը սև ու սպիտակ գույներով՝ բազմիցս նախազգուշացնելով, որ եթե իր կուսակցությունը չվերընտրվի, «աղետալի պատերազմ» կսկսվի։ Դա չի ոգևորում ընտրողներին, ովքեր դեռ տրավմայի մեջ են 2020 և 2023 թվականներին Ադրբեջանից կրած երկու ռազմական պարտություններից հետո և խաղաղության առավելությունների վերաբերյալ լրացուցիչ փաստարկների կարիք ունեն։

Փաշինյանը նաև տագնապալի անտարբերություն է դրսևորում այնպիսի ինստիտուտների ստեղծման հարցում, որոնք կամրապնդեն ժողովրդավարությունը և կառավարության հետ կառուցողական հետադարձ կապ կապահովեն։ Ինչպես հետխորհրդային այլ ժողովրդավարություններում, դատական համակարգն ամենաթույլ օղակն է, որը մինչ օրս բարեփոխված չէ և իշխանություններն այն օգտագործում են որպես քաղաքական զենք։ Հայաստանի վերաբերյալ իր 2025 թվականի զեկույցում Freedom House կազմակերպությունը հայտարարել է. «Դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության հետ, իսկ դատական ինստիտուտները խաթարվում են կոռուպցիայի պատճառով»։

Իշխանություններն օգտագործել են այդ զենքը փոդքասթերներին ձերբակալելու համար՝ խորհրդարանի խոսնակին վիրավորելու պատճառով, և կալանավորելու գլխավոր մրցակից կուսակցության՝ «Ուժեղ Հայաստանի» անդամներին։

Կառավարության չափազանց անձնավորումը՝ վարչապետի և նրա մերձավոր շրջապատի կողմից, նույնպես խոչընդոտում է ինստիտուցիոնալ կայացմանը, որն անհրաժեշտ է Հայաստանն առաջ մղելու համար, և սահմանափակում է ԵՄ-ի առաջարկած Global Gateway ծրագրի միջոցների օգտագործման հնարավորությունները։
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ եվրոպական ուղերձը ևս զգույշ մոտեցում է պահանջում։ Բոլորին հայտնի է, որ Մոսկվան խնդիր է։ Գաղտնիք չէ, որ թուլացող տարածաշրջանային հեգեմոնը երազում է սահմանափակել կամ հեռացնել Փաշինյանի կառավարության իշխանությունը։ Փաշինյանի և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեսախցիկների առջև եղած տարաձայնությունները հստակ ցույց տվեցին Ռուսաստանի դժգոհությունը։
Ներկայում Մոսկվան զբաղված է ընտրությունները վարկաբեկելու փորձերով՝ օգտագործելով հայկական սոցիալական ցանցերը ապատեղեկատվություն և հրահրող հաղորդագրություններ տարածելու համար. հենց այդ պատճառով է Բրյուսելը ԵՄ գործընկերության փոքր առաքելություն ստեղծում Հայաստանում, որպեսզի օգնի իշխանություններին պայքարել ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ։

Սակայն հայերի մեծ մասը, ներառյալ ներկայիս առաջնորդները, ձգտում են դիվերսիֆիկացման, այլ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման։ Ըստ 2026 թվականի փետրվարին անցկացված հասարակական կարծիքի հարցման՝ հայերի 56%-ը հայտարարում է, որ ցանկանում է վարել արտաքին քաղաքականություն, որը կապահովի լավ հարաբերություններ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Հայաստանի տնտեսությունը նախկինի պես խիստ կախված է Մոսկվայից, հարյուր հազարավոր աշխատատեղեր կապված են Ռուսաստանի հետ, և Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության անդամ առնվազն առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Այս պատճառներով Փաշինյանի կառավարությունը աստիճանաբար և քայլ առ քայլ թուլացնում է Ռուսաստանի տնտեսական և պաշտպանական վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։

Եվրոպացիները պետք է դա հաշվի առնեն և համբերություն ցուցաբերեն։ Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանին անհրաժեշտ է աստիճանական և կայուն աջակցություն, այլ ոչ թե պարզապես նախընտրական համերաշխության կարճատև և վառ ցուցադրություն։

Նմանատիպ նյութեր