211652_close_icon
views-count637 դիտում article-date 09:53 24-04-2026

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի 3 մասնակից

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի փոխչեմպիոններ Արա Աղանյանը (94 կգ), Լիանա Գյուրջյանը (86 կգ) եւ  երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը (86 կգ):

Արա Աղանյանի մասնակցությամբ 94 կգ քաշային կարգի А խմբում տիտղոսի համար կպայքարի 13 ծանրորդ: Արա Աղանյանի նախնական հայտը երկամարտում 380 կգ է: Այս քաշային կարգում ֆավորիտը Փարիզ-2024 օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կառլոս Նասարը, որի նախնական հայտը 390 կգ է:

Արա Աղանյանը Եվրոպայի Մ20, Մ23 չեմպիոն է, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի փոխչեմպիոն է:

2025 թ. Մոլդովայում անցկացված Եվրոպայի առաջնություն 102 կգ քաշայինների պայքարում Արա Աղանյանը երկամարտի 380 կգ արդյունքով 4-րդն է (175+205)։

94 կգ քաշայինների А խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Երեկոյան մրցահերթում կանանց 86 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը եւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը:

Լիանա Գյուրջյանի եւ Էմմա Պողոսյանի մասնակցությամբ 86 կգ քաշային կարգի А խմբում կմրցեն 12 ծանրորդ: Հայաստանի ներկայացուցիչների նախնական հայտերը երկամարտում երկուսինն էլ 245 կգ է: Ֆավորիտը թուրք Բուսրա Կանն է, որը 246 կգ հայտ է ներկայացրել:

Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Մ20 Եվրոպայի եռակի չեմպիոն:

2025 թ. Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված Եվրոպայի Մ23 առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (102+130):

Նույն տարում Մոլդովայում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում 87 կգ քաշայինների պայքարում Գյուրջյանը երկամարտի 246 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (106+140):

Էմմա Պողոսյանն աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է, Մ20 ԵԱ չեմպիոն, Մ17 Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ15 Եվրոպայի չեմպիոն: 2024 թ. Էմմա Պողոսյանն առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն երիտասարդ մարզիկ:

2025 թ. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում Պողոսյանը 5-րդ տեղում ավարտեց պայքարը` երկամարտում գրանցելով 230 կգ արդյունք (100+130):

Նույն տարում Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Էմմա Պողոսյանը երկամարտի 241 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ (105+136):

Կանանց 86 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150):  71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180): 79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186):  Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119), Աննա Ամրոյանը (77 կգ) հրում վարժությունում 136 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել եւ երիտասարդների ռեկորդ սահմանել:

Հայասստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականից առաջնությանը կմասնակցեն նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Բաթումիի մրցահարթակ դուրս կգան նաեւ Տաթեւ Հակոբյանը (+86 կգ):

 

Նմանատիպ նյութեր