211652_close_icon
views-count967 դիտում article-date 22:48 15-04-2026

Մհեր Գրիգորյանի եկամուտների շռնդալից աճը անգամ նրա բարեկամների աչքն է ծակում․ Oragir.News

Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ կառավարման տարիներին մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Օրինակ՝ մի առիթով նա հայտարարեց, որ մարդիկ հիմա կիսով չափ ավելի լավ են ապրում, քան 2018-ին, այսօր էլ՝ Կառավարության գործունեության հաշվետվության ժամանակ, նա վերահաստատեց իր այս շեշտադրումը։

Եթե այս հավաստիացումները շարքային քաղաքացիներին առանձնապես հավատ չի ներշնչում, քանի որ իրենց կյանքն առանձնապես չի փոխվել՝ Փաշինյանի թիմակիցները «վայելում են» այդ պտուղները։ Իշխանության ներկայացուցիչների կյանքն անցնող տարիներին այնքան է բարելավվել, որ դա «ծակում է» անգամ նրանց բարեկամների ու ազգականների աչքը, ու վերջիններիս ստիպված են լինում լրատվամիջոցների հետ կիսվել իրենց մտահոգություններով ու ողջամիտ կասկածներ հայտնել առ այն, որ պաշտոնյաները առաջին հերթին մտածում են ոչ թե Հայաստանի, այլ իրենց անձնական բարեկեցության մասին։

Մեր ընթերցողներին «լուսավորենք»՝ տեղեկացնելով, որ Oragir.News–ին է դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի բարեկամներից մեկը ու իր մտահոգությունները հայտնել՝ կապված պաշտոնյայի գործունեության և ֆինանսական թափանցիկության հետ։

Վերջինս, լինելով Գրիգորյանի մերձավոր շրջապատից, իրեն համարում է պատասխանատու քաղաքացի և անհրաժեշտ է համարում բարձրաձայնել իր նկատած խնդիրների մասին։ Նա պնդում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո փոխվարչապետի ֆինանսական վիճակում նկատվել է կտրուկ փոփոխություն, ինչը մեծ հարցեր է առաջացրել իր մոտ։

Փոխվարչապետի ազգականը նշում է, որ ուսումնասիրելով պաշտոնական հայտարարագրերը՝ նկատել է մի շարք հակասական և հարցեր առաջացնող տվյալներ։ Մասնավորապես՝ ըստ նրա ներկայացրած տեղեկատվության, 2021-2024 թթ․ Գրիգորյանի աշխատավարձը կազմել է շուրջ 90 միլիոն դրամ, իսկ 2021-2023 թվականներին վերջինս ունեցել է մոտ 210 միլիոն դրամ անհայտ ծագման կանխիկ գումար։ Բացի այդ, նա նկատել է, որ Գրիգորյանը տարբեր արժույթներով ունեցել է մոտ 250 միլիոն դրամի բանկային ավանդներ։ Արդեն 2023-ին Գրիգորյանն իր ավանդներից 250 միլիոն դրամ է հանել՝ չբացահայտելով սակայն, թե ինչ նպատակով է այդ գումարը ծախսել, ինչը նրա ազգականը պետական պաշտոնյաների համար ֆինանսական թափանցիկության սկզբունքի ուղղակի խախտում է որակում։

Oragir.News-ն ուսումնասիրեց Մհեր Գրիգորյանի՝ 2021-2024 թթ․ հայտարարագրերը, և պարզեց, որ 2021-ին նրա եկամուտը կազմել է մոտ 21,7 մլն դրամ, իսկ արդեն 2022-ին այն գրանցել է կտրուկ աճ՝ հասնելով 1 մլրդ 7,7 մլն դրամ, 2023-ին՝ այն կրկին համեմատաբար ողջամիտ թիվ է եղել՝ կազմելով 29,9 մլն դրամ, իսկ 2024-ին դարձյալ որոշակի աճ է արձանագրվել՝ հասնելով 33,7 մլն դրամի։ Գրիգորյանի ավանդների զրոյացումը ևս առկա էր հայտարարագրերում։

2022-ի եկամուտի շեշտակի աճը պայմանավորված է նրանով, որ Մհեր Գրիգորյանը կասկածելի բաժնետոմսերի առքուվաճառք է իրականացրել «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի հետ։ Բանն այն է, որ 2021-ին, ընկերության բաժնետոմսերը գնելով 502.3 մլն դրամով, Գրիգորյանը՝ 2022-ին դրանք վաճառել է գրեթե կրկնակի՝ 962.4 միլիոն դրամով նույն ընկերությանը։

Առանձնահատուկ ուշադրության էր արժանի հայտարարագրերի նվիրատվությունների հատվածը։ Պարզվում է՝ 2022 թվականին Մհեր Գրիգորյանը ստացել է 56.7 մլն դրամ նվիրատվություն, իսկ 2023-ին՝ 71,000 եվրո։ Թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակով են կատարվել այս «համեստ» նվիրատվությունները, հայտարարագրերում հստակ չի նշվում։

Թշնամիներ ունենալն իհարկե վատ ու անցանկալի բան է, բայց ավելի տհաճ է, երբ պաշտոնյան իր աշխատանքի, գործունեության մեջ այնքան է թերանում, որ նույնիսկ իր ազգականը չի հավատում, թե ունեցվածքն ազնիվ ճանապարհով է վաստակում։

Հակառակ դեպքում, ստացվում է, որ Մհեր Գրիգորյանն այն մեծահարուստ բարեկամներից է, ով երբևէ օգնության ձեռք չի մեկնել իր համեստ միջոցներով ապրող ազգականներին, ինչն էլ շարժել է նրանց զայրույթն ու ստիպել անկեղծանալ․․․  

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր