211652_close_icon
views-count1435 դիտում article-date 16:54 06-04-2026

Կատարողականի գնահատման ճիշտ ցուցիչները կդառնան աշխատանքի ձևավորման արդյունավետ գործիք․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումների օրակարգի հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում է ծառայողների կատարողականի գնահատման նոր համակարգի ներդրմանը՝ հիմնված օբյեկտիվ և չափելի ցուցիչների վրա։

Նախաձեռնության նպատակն է ձևավորել արդյունավետության գնահատման այնպիսի մեխանիզմ, որի արդյունքներով ծառայողները կխրախուսվեն, կունենան առաջխաղացման հստակ հնարավորություն, ինչպես նաև կգործեն սահմանափակումներ՝ ցածր կատարողականի դեպքում։

Նախարարն ընդգծել է, որ կատարողականի գնահատման նոր համակարգը էական փոփոխություն կբերի գործող մոտեցումների համեմատ, որտեղ դեռ առկա են սուբյեկտիվ գնահատման տարրեր։ Առաջարկվող մոդելը հիմնված է կատարողականի հիմնական ցուցիչների (KPI) վրա՝ ապահովելով գնահատման թափանցիկություն, չափելիություն և արդարություն։ Յուրաքանչյուր տարի կատարողականը կգնահատվի ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությամբ, ինչպես նաև կստուգվի ֆիզիկական և կրակային պատրաստվածության մակարդակը։

Նախարարը կարևորել է, որ համակարգը գնահատում է ոչ թե պարզապես ծառայողի ակտիվությունը, այլ նրա արդյունավետությունը։ Եթե ծառայողի գրանցած արդյունքները դրական են, նա պետք է վստահ լինի, որ կարժանանա խրախուսանքի և կունենա առաջխաղացման հնարավորություն։ «Լավ ձևակերպված կատարողականի գնահատման համակարգը ոչ միայն չափում է ոստիկանության աշխատանքը, այլև ուղղորդում ու ձևավորում այն»,- նշել է նա։

Կատարողականի գնահատման և ատեստավորման համակարգերի միջև կստեղծվի ինստիտուցիոնալ կապ, ինչը թույլ կտա ապահովել հավասարակշռված մոտեցում և հաշվի առնել նաև նախորդ տարիների արդյունքները։ Այս մոտեցումը ծառայողին մշտապես կպահի մրցակցային միջավայրում։

Նոր համակարգը հնարավորություն կտա նաև կարճաժամկետ կտրվածքով մշտադիտարկել աշխատանքի արդյունավետությունը՝ ապահովելով տվյալահեն որոշումների կայացում։ Միաժամանակ այն կօգնի բացահայտել ծառայողների կրթական կարիքները, ինչը հիմք կդառնա թիրախային վերապատրաստման ծրագրերի մշակման համար։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այն նոր բովանդակություն կհաղորդի կադրային քաղաքականությանը և կխթանի ծառայողների առաջխաղացման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր