211652_close_icon
views-count301 դիտում article-date 21:42 05-04-2026

Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած․ Բագրատ Սրբազան



«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» (Մարկ. ԺԶ:3-4)

Այս մտքերով ու մտահոգությամբ տարված, տագնապով պատված` թույլ ու անօգնական թվացող կանայք ընթանում էին դեպի Հիսուսի գերեզմանը:

 Գիտակցում էին, որ դժվար է` գրեթե անհնար ու անկարելի, հեռացնել այն ծանր քարը, որ դրված էր Լույսի Ճանապարհին` իրենց երազների, ձգտումների, նպատակի իրականացման ու կյանքի վրա:

Սակայն, որքան էլ անհնար թվար, նրանք չկասկածեցին, չվարանեցին, այլ ընթացան, որովհետև իրենց նպատակն ու պատասխանատվությունը, պայքարի ու հաղթանակի ձգտումն ավելի մեծ էր, քան իրենց վախերն ու թվացյալ անզորությունը: Եվ արձագանքը չուշացավ… քարը գլորվեց, լույսը ճառագեց և ձայնը գոչեց. «Մի’ վախեցեք, Քրիստոս Յարեա՜ւ»:

Այո՛, քարը գլորվեց, որովհետև նրանք չվախեցան: Նրանց համառ ընթացքը, ճշմարտության համոզմունքը, արդարության անպարտելիությունը, նպատակին հասնելու ձգտումը և անսակարկելի հավատքը գլորեցին այդ մեծ գերեզմանաքարը և ո՛չ սոսկ անհույս հրաշքի սպասումը: Նրանք հաղթեցին, որովհետև արդեն հաղթել էին, որովհետև չհամակերպվեցին, որովհետև չվախեցան և չընկրկեցին:

Նրանք չսպասեցին և չակնկալեցին, որ որևէ մեկը իրենց փոխարեն կհեռացնի այդ ծանր քարը: Այս փոքրիկ դրվագը իր համառոտությամբ առավելագույնս արտացոլում է մեր կյանքի իրականությունը` մեր ունեցած վախերի, տագնապների, կասկածների, մտահոգությունների մեծ քարին դեմ հանդիման կանգնած` մեր համառ ընթացքով, նպատակներով, երազներով ու ձգտումներով:

Այսօր, այդ չարիքի քարը կարծես դրված է մեր երկրի և մեր ժողովրդի վրա: Եվ մենք գիտակցված կամ ակամա նույն հարցն ենք տալիս. «Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար». Ո՛չ ոք, ո՛չ անհույս հրաշքի սպասումը, և ո՛չ այլ ինչ պատանք, այլ միայն դո՛ւ և դո՛ւ, մե՛նք և մե՛նք, մեր նպատակով, մեր երազներով, պատասխանատվությամբ և աննահանջ կամքով ու սիրով` Վախին հակադրելով քաջությունը, Անզորությանը` հույսը և կամքը, Կասկածին` հավատքն ու վստահությունը, Ստին` ճշմարտությունը, Կեղծիքին` արդարությունն ու հավատարմությունը, Անորոշությանը` նպատակն ու երազի իրականացումը, Հարմարվելուն` համառ ընթացքը և պատասխանատվությունը, Ատելությանը` սերն ու հաշտությունը: Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած: Եվ վստահաբար, կլսենք ու կտեսնենք ու կպատմենք, որ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»: Նա ո՜ղջ է, ինչպես և դուք, ինքներդ ձեզ մի սպանեք և, առավել ևս, մի փնտրեք մեռելների մեջ: Եվ այդ քարը մե՛նք կգլորենք…

 Այն չի ուշանա… Քրիստոս Յարեաւ ի մեռելոց, Մեծ Ավետիս բոլորիս:
 

Նմանատիպ նյութեր