211652_close_icon
views-count310 դիտում article-date 17:47 24-03-2026

Նախատեսվում է վարկային միջոցների ներգրավմամբ օժանդակել Երևանի մերձակայքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ այս համաձայնագրով, ըստ էության, պետք է վավերացվի վարկային համաձայնագիրը՝ 39 միլիոն եվրո արժեքով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որը կնքվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին:

«Միաժամանակ նշեմ, որ սրան զուգահեռ, Եվրոպական միությունից դրամաշնորհային միջոցներ են հատկացվելու 6 միլիոն եվրոյի չափով, ինչպես նաև ստանդարտ պրակտիկան է, պետբյուջեից լինելու է համաֆինանսավորում»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով նպատակին՝ ասաց՝ սա ուղղվելու է Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, համապատասխան ապրանքների ու ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: 

«Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք կառուցել և՛ կենտրոն, և՛ ՊԵԿ-ի նոր վարչական շենք, բայց վարչական շենքը՝ արդեն սեփական միջոցներով: Միայն ԱՏԳ-ն է վարկային միջոցներով»,- հայտնեց ՊԵԿ նախագահը, ապա պարզաբանեց, թե այդ կենտրոնն ինչ ծառայություններ է մատուցելու:

«Կենտրոն ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն շենքը, շինարարական կառուցվածքը, այլև կոմպլեքս գաղափարային տեսանկյունից, որ բոլոր մաքսային ծառայությունները և բոլոր ծառայությունները, որոնք վերաբերում են արտահանողին ու ներմուծողին, սպասարկվեն մի կետից»,- նշեց Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ կենտրոնը գտնվելու է Պռոշյան գյուղում՝ ուղիղ Հյուսիս-Հարավ ճանապարհի հարևանությամբ, լինելու է լոգիստիկ կենտրոն՝ իր պահեստային տարածքներով, կայանատեղիներով, առանձին գրասենյակներով, և մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունները կմատուցվեն արտահանողին ու ներմուծողին:

Պատկերացնելու համար ծանրաբեռնվածությունը՝ որոշ թվեր հնչեցրեց. վերջին տարիներին՝ ամեն տարի, Երևանում սպասարկվել է 70-80 հազար ներմուծման հայտարարագիր:

«Եթե բեռնատարների մասին խոսենք, Երևանում տարեկան 70-75 հազար բեռնատարներ են սպասարկվել: Եվ սա դեռ՝կիսաբաց սահմանների պարագայում:

Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ ապաշրջափակում է տեղի ունենում, ինչ հոսքեր կարող են լինել ՀՀ-ում, նշանակում է, որ սա ավելի մեծ պոտենցիալ ունի: Միաժամանակ, դա հնարավորություն է տալու, որպեսզի մեծացնենք Հայաստանի լոգիստիկ հանգույց դառնալու պոտենցիալը: Բացի դրանից՝ գիտեք, որ Ագարակի անցման կետն է ամբողջությամբ վերակառուցվում, ինչպես գիտեք՝ հյուսիսային կետերը հիմնականում վերակառուցված են, Բագրատաշենն էլ ներկայումս ամբողջությամբ վերակառուցվում է»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ այս ենթակառուցվածքները թույլ կտան աճող հոսքերը շատ ավելի պատշաճ ու ավելի քիչ ժամանակատարությամբ ու ավելի թիրախային ու թվային միջավայրում մատուցել բոլոր արտահանողներին ու ներմուծողներին, ինչպես նաև տրանզիտ բոլոր բեռներին, որոնք անցնում են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք և հակառակ ուղղություններով:

Նմանատիպ նյութեր