211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:43 14-03-2026

Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան

2025 թվականին հանցավորությունը ոչ թե աճել, այլ նվազել է 3.2 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով հանրային դիսկուրսում տարածված այն պնդումներին, թե Հայաստանում հանցավորությունն աճել է, Սարգսյանն ընդգծել է, որ իրական տվյալները բոլորովին այլ բան են ցույց տալիս։

Ըստ նրա՝ նվազում է արձանագրվել նաև այն խումբ հանցագործությունների դեպքում, որոնք սովորաբար առավել մեծ հանրային արձագանք են ստանում, մասնավորապես՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները և հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։ Սարգսյանը նշել է, որ անգամ 0.1 տոկոսի փոփոխությունը երկրի համար կարող է կարևոր ցուցանիշ լինել, իսկ 3.2 տոկոսի նվազումը ոչ միայն տեսանելի արդյունք է, այլև՝ պարտավորեցնող հանգամանք։

ՆԳ նախարարի համոզմամբ՝ խնդիրը միայն մեկ տարվա հաջողություն արձանագրելը չէ, այլ այդ նվազումը կայուն օրինաչափության վերածելը։ Սարգսյանը նաև ընդգծել է, որ այդ արդյունքը հնարավոր է դարձել Պարեկային ծառայության ուժեղացված ծառայության, Քրեական ոստիկանության օպերատիվ աշխատանքի և մյուս գործընկեր կառույցների համակարգված գործունեության շնորհիվ։

«Նախ օպերատիվ մարմինները պետք է արագ արձագանքեն իրավիճակին և ավելի շատ կենտրոնանան կանխարգելման բաղադրիչի վրա։ Բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն։ Ընդ որում՝ սպանության բոլոր դեպքերը բացահայտված են, և սա ևս կարևոր ցուցանիշ է, որովհետև ունի կանխարգելիչ կարևոր բաղադրիչ։ Մենք բացահայտել ենք նույնիսկ այնպիսի սպանություններ, որոնք այլ հավասար պայմաններում կարող էր թվալ, թե անհնար է բացահայտել։ 2025 թվականի բոլոր սպանությունները բացահայտված են»,- նշել է Սարգսյանը։

Երկրորդ կարևոր ուղղությունն, ըստ նախարարի, ինստիտուցիոնալ լուծումների վրա կենտրոնանալն է, որովհետև անձնական մակարդակում տարբեր ծառայողներ կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց արդյունքը կարող է օրինաչափ լինել միայն այն դեպքում, եթե ինստիտուտն է օրինաչափ աշխատում։

«Հետևապես, մենք շարունակելու ենք հզորացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները, կրթական բաղադրիչի վրա կրկին մեծ շեշտ դնել», -կարևորել է Սարգսյանը։

Երրորդ կարևոր բաղադրիչը, ըստ նրա, հանրության հետ աշխատանքն է՝ մարդկանց մտածողության մեջ փոփոխության հասնելու նպատակով, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի ավելի լավ արդյունքներ ունենալ Հայաստանի Հանրապետությունում։

Նմանատիպ նյութեր