211652_close_icon
views-count27036 դիտում article-date 16:35 02-03-2026

Բալահովիտ-Աբովյան ճանապարհի Բալահովիտի հատվածում խոստացան ասֆալտապատում անել, փոխարենը այն վերածեցին Վենետիկի. հիմա ավտոմեքենաները կոտրվում են նաև ցեխաջրերի պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայրի վարչական տարածքի՝ Բալահովիտն Աբովյան քաղաքին կապող ճանապարհի անմխիթար, անգամ երթևեկության համար վտանգավոր ճանապարհի մասին։

Ընթերցողներին տեղեկացրել էինք, որ նշված ճանապարհին փոսերի պատճառով, այդ թվում՝ «մարդաբոյ», շատ հաճախ վարորդները կոտրում էին ավտոմեքենաների անվահեծանները, պայթեցնում անիվները, կոտրում թափարգելները (շիթեր), եղել էին նաև դեպքեր, երբ տեղի էին ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Ճանապարհի վերանորոգումը շատերը կարծում էին, որ պետք է կատարվի Աբովյան խոշորացված համայնքի՝ համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի կողմից, մինչդեռ նշված ճանապարհի սպասարկումը դրված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վրա։ 

Հրապարակումից կարճ ժամանակ անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաները հայտնել էին, որ մի քանի օրերի ընթացքում նշված ճանապարհը կապիտալ ասֆալտապատվելու է, մինչդեռ ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 2-ին, վիճակն էլ ավելի է վատացել, փոսերը, այդ թվում՝ «մարդաբոյ», լցված են անձրևաջրերով ու ձնհալով, ինչը էլ ավելի է բարդացնում վարորդների կյանքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գուցե հավատարիմ իր խոստմանը, որ կապիտալ վերանորոգվելու է ճանապարհը, պատկերացրել է անձրևաջրերով փոսալցումը, մինչդեռ այս դեպքում նույնպես վարորդները, ինչպես նաև հետիոտները, ովքեր կյանքի գնով են անցնում փողոցը, ամենաքաղցր խոսքերն էին ուղղում պատասխանատուներին։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ բնակավայրի գլխավոր ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։

Այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհի փոսերի պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ վնասվում են, կոտրվում են անվահեծանները։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ փոսերը շրջանցելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել և երջանիկ պատահականությամբ՝ առանց զոհերի ու վիրավորների։

Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ ամբողջ ճանապարհը կարելի է ասել դժվարանցանելի է, ու դրա պատասխանատուն շատերը կարծում են, որ Աբովյանի քաղաքապետարանն է։ Մինչդեռ Աբովյանի քաղաքապետարանն այս ճանապարհի հետ առնչություն չունի։

 Ճանապարհը սպասարկում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և իրենք էլ պետք է օր առաջ այս պատուհաս ճանապարհից փրկեն վարորդներին։ Վարորդներ, ովքեր ամեն անգամ այս ճանապարհով անցնելիս ամենաքաղցր խոսքերն են ուղղում պատասխանատուներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն արդեն կարծես թե սկսել էր զբաղվել խնդրով. հայտարարել էին մրցույթ (տենդեր), և արդեն հայտնի էր ճանապարհը հիմնանորոգելու մրցույթում շահած ընկերության անունը, որը սակայն ոչ մի աշխատանք դեռ չէր կատարում՝ պատճառաբանելով, որ եղանակն անբարենպաստ է։

Հույս էինք հայտնել, որ օրերը տաքանալուն պես նախարար Դ. Խուդաթյանի հանձնարարականը կյանքի կկոչվի։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր