211652_close_icon

Ադրբեջանը Մարտունիում քանդել է Երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի հուշահամալիրը

views-count922 դիտում article-date 13:41 24-02-2026
Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել։

«Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։

Սա վանդալիզմ չէ։

Սա մշակութային ցեղասպանություն է։

Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։

Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։

Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։

Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։

Հուշարձանները կարելի է քանդել,

բայց ժողովրդի հիշողությունը երբեք։

Պատմությունը հնարավոր չէ ջնջել»,-գրել  է նա:

Նմանատիպ նյութեր