211652_close_icon

Կորեայի ձորի Երևանի հատվածում 30 տարի է տիրում է բարձիթողի վիճակ․ մարդաբոյ փոսերը, որոնք անձրևներին վերածվում են լճակների, հարյուրավոր վարորդների համար դարձել են պատուհաս․ ամեն օր անվահեծաններ են կոտրվում և անիվներ պայթում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count727 դիտում article-date 17:34 14-02-2026
Երեկ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ամեն երեկո մայրաքաղաքում սկսվելու են փոսալցման աշխատանքները, սակայն մինչ այդ պետք է հատուկ տեխնիկաներով, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցների վերահսկողությամբ, մի քանի ընկերությունների հետ համագործակցելով, կտրելու են անորակ ասֆալտի այն ծածկերը, որոնք վտանգ են ներկայացնում վարորդների համար։ Իսկ նման փոսերն ու անորակ ասֆալտները այնքան շատ են Երևանում, որ հաշիվ չկա։

Այսօր՝ փետրվարի 14-ին՝ ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման անբարեկարգ փոսերով, այդ թվում՝ «մարդաբոյ», հարուստ է Երևանի Արաբկիր վարչական շրջանից դեպի Կոտայքի մարզ տանող Կորեայի ձորի հատվածը։ 30 տարի է՝ ով իշխանության է եկել, խոստացել է, որ այդ հատվածը ոչ թե հիմնանորոգելու են, այլ սարքելու են իդեալական ճանապարհ, ու 30 տարի է՝ այդպես էլ խոսքը գործ չի դառնում։ Իսկ Կորեայի ձորը նորից վարորդների համար մնացել է նույն վտանգներով հարուստ ճանապարհը։

Միայն անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում ՀՀ Կառավարությունը բարի կամք դրսևորեց, և մեծ ֆինանսական ներդրումների արդյունքում Կոտայքի մարզից դեպի Երևան տանող Կորեայի ձորի հատվածի Կոտայքի մարզի տարածքում ոչ թե վերանորոգեցին, այլ կառուցեցին նոր՝ ավելի անվտանգ և ապահով ճանապարհ։ Տեղադրվեցին նաև երթևեկությունը կարգավորող անհրաժեշտ նշաններ, ջրահեռացման համար հատուկ խողովակներ, երկաթե արգելապատնեշներ, ինչը չես ասի Կորեայի ձորի Երևանի տարածքի մասին։

Այս օրերին այդ հատվածը ավելի լավ է վարորդներն անցնեն նավակներով, քանի որ հսկայական փոսերը լցված են անձրևաջրով, ինչի պատճառով ամեն օր հարյուրավոր վարորդներ նյութական վնասներ են կրում․ կոտրվում են անվահեծանները, պայթում են անվադողերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 20-ին, վերաբացվեց Կոտայքի մարզի Քանաքեռավան բնակավայրից դեպի Երևան տանող՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձորի» ճանապարհը։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը վերանորոգվում էր, թեպետ կարելի է պնդել, որ կառուցվեց նոր ճանապարհ, քանի որ նախկին ճանապարհը ոչ միայն հարմարավետ չէր երթևեկության համար, այլև 30 տարուց ավելի այն վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս։

ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորված այս ճանապարհը վստահվել է ճանապարհաշինարարության ոլորտում հեղինակություն վայելող «Լիլիթ 87» ՍՊԸ-ին, և ճանապարհաշինարարները ոչ միայն հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, այլև շատ տեղերում լայնացրել են ճանապարհը, այդ թվում վտանգավոր ոլորանապտույտ մասերում։

Տեղադրվել են ճանապարհային երթևեկության անհրաժեշտ նշանները, երկաթե արգելապատնեշները, անձրևների համար հատուկ անձրևատարեր, որպեսզի թե՛ անձրևը, թե՛ ձյան հալոցքը չլցվի ճանապարհ։

Ճանապարհաշինարարները հայտնել էին նաև, որ տեղադրվելու են արտաքին լուսավորության համար սյուներ և արտաքին լուսավորությունը լինելու է LED լույսերով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ավարտին են մոտեցել Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման, բայց ավելի շատ՝ նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները։

 «Լիլիթ 87» ՍՊԸ-ի կողմից ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են հասցվել, տեղադրվել են երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները, որոնց մի մասը ներկվել էր։

Ճանապարհի եզրերին արդեն տեղադրվել են բետոնե հատուկ սալիկներ, որպեսզի անձրևի ժամանակ անձրևաջրերը չլցվեն ճանապարհին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում տեղադրվելու են նաև էլեկտրասյուներ, որոնց վրա լինելու են LED լույսեր, որպեսզի արտաքին լուսավորությունը նույնպես ապահովված լինի։ 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր