211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. «Kia»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս և կիսակողաշրջվել. վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, 2 թոռնիկներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3211 դիտում article-date 10:12 10-02-2026
Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ավետիս Ք.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Պտղունք գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել հետիոտնի մայթով և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց, ով սակայն ճանապարհին մահացել է։

Իսկ ուղևորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, մյուսին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Խըդըր Մահմուդյանն ու Վլադիմիր Բադիշյանը։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները եղել են նրա թոռնիկները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր