211652_close_icon

Ընտրական օրենսգրքում փոփոխությունները հակասահմանադրական են․ Մենուա Սողոմոնյան

views-count466 դիտում article-date 22:00 26-01-2026
Օրերս ընդունված  «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների մասին նախագիծը խնդրահարույց է համարում ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը, այլև «Հայաքվե» քաղաքացիական միավորումը, որի գնահատմամբ՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններով՝ որպես դիտորդական առաքելություն իրենց գրանցումը փորձում են մերժել։

«Հայաքվե»-ի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ երբեք  անարդարությունների հետ չեն համակերպվել, այժմ էլ հնարավոր բոլոր տարբերակներով պայքարելու են.  

«Մենք այս փոփոխությունը համարում ենք  հակասահմանադրական։ Սա մեր  քաղաքական գնահատականն է, բայց մենք կարծում  ենք, որ այն իրավական տեսանկյունից ևս հակասահմանադրական է։  Միաժամանակ գիտակցում ենք, որ խորքային աշխատանք պետք է կատարվի հասկանալու համար, թե որքանով է հնարավոր, նախևառաջ, այն  Սահմանադրական դատարանի միջոցով որակել որպես հակասահմանադրական և հասնել հաջողության։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական դաշտում»։

«Հայաքվեն» դիտարկում է նաև միջազգային մակարդակով հակազդելու հնարավորությունը, բայց մեծ ակնկալիքներ չունի այս առումով։

«Միջազգային կառույցների ուղղությամբ ևս անհրաժեշտ է մանրակրկիտ աշխատանք տանել, բայց ցավոք, պետք է արձանագրել, որ այդ կառույցների գործունեությունը հաճախ պայմանավորված է ոչ այնքան արժեքներով, որքան աշխարհաքաղաքական շահերով։ Այդուհանդերձ, մենք մտադիր ենք օգտագործել  բոլոր հնարավորությունները՝ ժամանակի, նպատակահարմարության և առաջիկա քաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակում»,-ասաց Սողոմոնյանը։

Անդրադառնալով դիտորդական այլ կազմակերպությունների, քաղհասարակության հետ այս փոփոխությունների դեմ պայքարելուն, Մենուա Սողոմոյանը նշեց․    

«Գուցե փորձենք համագործակցել քաղաքացիական հասարակության այն հատվածի հետ, որը մենք համարում ենք իրական քաղաքացիական հասարակություն։ Իսկ այն կառույցները, որոնք, մեր գնահատմամբ, չեն հանդիսանում իրական քաղհասարակություն, կարծում ենք՝ կանգնած են այս դավադրության հետևում»։

Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ՔՊ-ական հեղինակների՝  մինչ այս «բավարար մեխանիզմներ չկային դիտորդական առաքելությունների և դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության ապահովման համար», իսկ ընդդիմադիր գործիչների պնդմամբ՝ փոփոխությունը իշխանությանը լայն հնարավորություն է տալիս ընտրությունները վերահսկելու գործընթացում բացառել իրենց համար ոչ ցանկալի դիտորդներին։

Նմանատիպ նյութեր