211652_close_icon

Շրջակա միջավայրի նախարարությունն անցել է էլեկտրոնային ձեւաչափով սպասարկման

views-count526 դիտում article-date 18:10 26-01-2026
Շրջակա միջավայրի նախարարության 2025թ․ հիմնական նվաճումներից մեկը ծառայությունների թվայնացումն էր։ Տրված 29 թույլտվություններից 24-ը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, ինչը 12-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը՝ ամփոփելով տարին։

Նրա խոսքով՝ նորամուծության նպատակն է խնայել քաղաքացիների ժամանակը եւ կրճատել ավելորդ բյուրոկրատիան։ Իրականացված հիմնական քայլերի շարքում նա նշել է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվել են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Իրական ջրօգտագործման գրանցման առցանց հարթակն այժմ գործում է 24/7 ռեժիմով, որին արդեն միացված են երկրի 3 200 ջրառի կետերից 1 463-ը։

Ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային գույքագրման գրանցամատյան։ Բացի այդ, հունվարի 1-ի դրությամբ վայրի բնության սոցիալական նպատակներով օգտագործման դիմումներն ու պայմանագրերը ընդունվել եւ կնքվել են ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Կնքվել է 4 243 սիրողական ձկնորսության եւ 196 որսորդության պայմանագիր։ Գործարկվել է օդային արտանետումների եւ վտանգավոր թափոնների թվային թույլտվությունների եւ հաշվարկային համակարգ, որն ապահովում է թափոնների առաջացումից մինչեւ վերջնական հեռացում լիարժեք վերահսկողություն։

Նմանատիպ նյութեր