211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա»-ն և «Mitsubishi Pajero»-ն․ վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե արեգալապատնեշի վրա․ կա վիրավոր․ ճանապարհը պատված է մերկասառույցով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8080 դիտում article-date 19:32 23-01-2026
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Լադա» մակնիշի և «Mitsubishi Pajero» մանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե արեգալապատնեշի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Մինասյանը և Դավիթ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի երթևեկելի գոտին ամբողջությամբ պատված է մերկասառույցով ու ճանապարհն սպասարկող ընկերությունը իմանալով հանդերձ, որ կամուրջները ու էստակադաները ճանապարհներից ամենաարագ մերկասառույցով պատվող հատվածներն են, այն աղ ու ավազի խառնուրդով չեն մշակել։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ վթարից 40 րոպե հետո են «ճանշինականները» ժամանել ու ճանապարհը մշակել աղ ու ավազի խառնուրդով։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր