211652_close_icon

Երևանում՝ Վիլնյուսի փողոցում, օրեր շարունակ խմելու ջրի կորստի դեմն առավ «Վեոլիա ջուրը». 40 ընտանիքներ, ովքեր մնացել են առանց ջրի, օգնության կարիք ունեն քաղաքապետարանի և թաղապետարանի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count1561 դիտում article-date 13:49 21-01-2026
Երեկ՝ հունվարի 20-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում խմելու ջրի խողովակի վնասման հետևանքով շուրջ 40 տան բնակիչների անջուր մնալու մասին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 21-ին, «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնի մասնաճյուղի աշխատակիցները, որը նաև սպասարկում է Նոր Նորքը, ժամանել են վթարի վայր ու դադարեցրել են խմելու ջրի արտահոսքը՝ տեղադրելով փական։

Այս պահին սակայն մոտ 40 ընտանիք մնացել է առանց խմելու ջրի։

Բնակիչները նշում էին, որ իրենք պատրաստ են իրենց միջոցներով դարն ապրած, փտած ջրի խողովակները փոխել նորով, սակայն պետք է այդ հարցում իրենց օգնության ձեռք մեկնեն Երևանի քաղաքապետարանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, քանի որ մի քանի մետր ջրալողովակն անցկացվելու համար իրենք պետք է փողոցում, որը երթևեկելի գոտի է, աշխատանքներ իրականացնեն, ջրախողովակների համար փոս փորեն, իսկ դա առանց քաղաքապետարանի ու թաղապետարանի թույլտվության չեն կարող անել։

Հիմա բնակիչները խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Նոր Նորք վարչական ղեկավար Մարատ Սևոյանին, որպեսզի այս հարցում գոնե իրենց թիկունք լինեն, հակառակ դեպքում բնակիչները կմնան առանց ջրի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 19-ից Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի մի հատվածում ստեղծվել էր արտակարգ իրավիճակ։ Շուրջ 40 սեփական տների բնակիչներ լիովին զրկված էին խմելու ջրից։ Պատճառը Վիլնյուսի փողոցի 10 շենքի հարակից տարածքում գտնվող խմելու ջրի խողովակների վթարվելն է։

Դեպքի վայր ժամանած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները խողովակների վրա պարզապես «չիվի» էին տեղադրել և անջատել ջրամատակարարումը՝ հայտարարելով, որ տվյալ խողովակները իրենց պատասխանատվության շրջանակում չեն գտնվում, և իրենք չեն պատրաստվում իրականացնել նորոգման աշխատանքներ։

Խնդրի լուծման նպատակով բնակիչները դիմել էին Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան, որտեղ նրանց հայտնել էին, որ խողովակների վերանորոգումը պետք է իրականացվի հենց բնակիչների միջոցներով։ Որպես լուծում առաջարկվել էր դիմել Երևանի քաղաքապետարան, անցնել համապատասխան բյուրոկրատական գործընթացը և միայն դրանից հետո սկսել նորոգման աշխատանքները։

Բնակիչները վրդովված էին ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ տարիներ շարունակ կատարել են ջրի վճարումները, սակայն այժմ, փաստացի, մնում են մենակ խնդրի առաջ։ Նրանց խոսքով՝ անթույլատրելի է, որ խմելու ջրի մատակարարման հարցը վերածվի «ոչ մեկի պատասխանատվության» և ամբողջ ծանրությունը դրվի քաղաքացիների վրա։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր