211652_close_icon

Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականին Հայաստանի դեմ հիբրիդային սպшռնալիքների ակտիվացում է կանխատեսում

views-count565 դիտում article-date 13:41 20-01-2026
2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։

Այս մասին ասված է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ, որը բացառիկության իրավունքով տրամադրվել է «Արմենպրես»-ին։ 

«Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։ 2026 թվականի ընթացքում, մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։ Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ, իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ։  

Հայաստանի դեմ հիբրիդային գործողություններում ներգրավված պետական և ոչ պետական դերակատարների կողմից, մեծ հավանականությամբ, կիրառվելիք գործիքակազմը կներառի՝ Վնասակար կիբեռ-գործողություններ Դրանք միտված են Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքները կաթվածահար անելուն, դրանց կառավարման կորստին, կենսական ծառայությունների մատուցման չեղարկմանը և այլն։ Այս առումով հավանականությունը բարձր է, որ թիրախում կհայտնվեն՝   

- ֆինանսաբանկային կազմակերպությունները,

- կապի և հաղորդակցության ենթակառուցվածքները, 

- կառավարության (այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների) թվային հարթակները, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման թվային ենթակառուցվածքները, 

- էլեկտրականության բաշխման թվային ենթակառուցվածքը և այլն»,-ասված է զեկույցում։

Նշվում է, որ նախընտրական շրջանում արտաքին դերակատարների կողմից տեղեկատվական վնասարար գործողությունները (կեղծ, խեղաթյուրված, համատեքստից կտրված տեղեկատվություն, վնասարար տեղեկատվական օպերացիաներ) դրսևորվում են մեր հանրությանը կեղծ ու խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու ձևով՝ նպատակ ունենալով ուղղորդել առաջիկա ընտրություններում ընտրողների կամաարտահայտումը։ Գործի է դրվում ինչպես տեսանելի քարոզչության, այնպես էլ քողարկված տեղեկատվական գործողությունների համադրություն։

«Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների կամ նրանց հետ կապված ռեսուրսների միջոցով։ Քողարկված գործողությունները, որոնք հաճախ սնուցում և բազմապատկում են տեսանելի քարոզչությունը, օգտագործում են որևէ օտարերկրյա պետական դերակատարի ակնհայտ հետք չպարունակող կայքէջեր և օգտահաշիվներ՝ առավել կտրուկ, շոկային էֆեկտ առաջացնող թեզեր շրջանառելու նպատակով։  

2025 թվականին արձանագրել ենք տարբեր դերակատարների կողմից կեղծ հաշիվների և գովազդների, բոտային ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածման մարտավարություն։ Շարունակել են աճել արհեստական բանականությամբ կեղծ տեքստային և տեսաձայնային նյութերի գեներացման հնարավորությունները՝ ձևավորելով ճկուն և արագ զարգացող գործիքների օգտագործմամբ մեծ ծավալով ապատեղեկատվության տարածման կայուն միտում, որը մեծ հավանականությամբ ավելի մասսայական կդառնա 2026 թվականին։ 

Մեր գնահատմամբ՝ 2026 թվականին կպահպանվի օտարերկրյա տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ տեղադրելու, ապա դրանք տարածաշրջանային դերակատարների պաշտոնական և ոչ պաշտոնական ռեսուրսներով «լեգիտիմացնելու» և տարածելու միտումը, որի դրսևորումն արձանագրել ենք 2025 թվականին։

Մեկ այլ կրկնվող մեթոդ, հավանաբար, կմնա նոր հարթակների ստեղծումը ապատեղեկատվության հրապարակման և հետագա տարածման համար։ 2025 թվականին արձանագրել ենք այդ թվում իրական հեղինակների և կայքէջերի նմանակող նոր ռեսուրսների օգտագործման դեպքեր, որոնք մեծ հավանականությամբ ստեղծվել են բացառապես կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով։ Տեղեկատվական վնասարար գործողությունների ամենավտանգավոր միտումը կշարունակի մնալ կեղծ տեղեկությունների առերևույթ աննկատ համադրումն իրական տեղեկությունների հետ, ինչպես նաև դրանց տարածումն ու ամրապնդումը իրական և մեծ լսարան ունեցող առցանց հարթակների և անձանց միջոցով»,- ասված է զեկույցում։

Նշվում է, որ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)։  

«Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, տարբեր եղանակներով դրա ֆինանսավորումը, ինչպես նաև տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։ Իրականացվում են երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքները, հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող գործողություններ՝ հաջորդիվ նրանց արտաքին դերակատարների նպատակներին ծառայեցնելու նպատակով։ Հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար, մաս են դառնում արտաքին միջամտության առավել լայն սխեմայի։

Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»,- նշված է զեկույցում։

Ընդգծվում է, որ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման ու արտահանման կառուցվածքն ու հիմնական ուղղությունները, 2025 թվականին նկատելի են եղել տարբեր դերակատարների կողմից հիմնական արտահանման ապրանքների մասով առերևույթ օբյեկտիվ, սակայն իրականում հատուկ հրահրվող ու կազմակերպվող խոչընդոտները (ներառյալ ոչ պետական դերակատարների ներգրավմամբ), որոնք դրսևորվել են ապրանքների խմբաքանակների առգրավումներից մինչև դրանք արտահանող ֆիզիկական անձանց դեմ քրեական գործերի հարուցումներով, արտահանմանը ներգրավված տեխնիկական անձնակազմի զանգվածային ձերբակալություններով, արտաքսումներով, ինչպես նաև այլ խոչընդոտներով։

Այս գործողությունների նպատակը, ըստ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության, գործարարությամբ զբաղվող ընտրողների շրջանում կառավարության քաղաքականությունից դժգոհություն գեներացնելը և հետևաբար նրանց ընտրությունն ուղղորդելն է։

2025 թվականին արձանագրված այս միտումը, մեծ հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։  Էներգետիկ ճնշումները, թեև քիչ հավանական, սակայն հիբրիդային գործողությունների արդյունավետ միջոց կարող են լինել, եթե Հայաստանի դեմ ճնշումը բարձրացնելու որոշում կայացվի։ Միգրացիոն կանոնների փոփոխությունները, դրանց ընտրողաբար կիրառումը հավանական է, որ Հայաստանի քաղաքացի միգրանտների նկատմամբ հիբրիդային գործիքակազմի մաս կկազմի։ Սա նույնպես կառավարությունից դժգոհության գեներացման ու ընտրողների քվեարկության վրա ազդելու նպատակ է հետապնդում»,- իր զեկույցում նշում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը։

Որպես ազդեցության գործողությունների մեկ այլ դրսևորում՝ 2026 թվականին կարող են շարունակվել Հայաստանի Հանրապետության կառավարության ու օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների թիրախավորումը, նրանց դեմ զրպարտչական նոր արշավների ձեռնարկումը։ Միաժամանակ կարող է իրականացվել թիրախավորող կողմի համար ցանկալի քաղաքական և այլ գործիչների կերպարի խթանում, առաջ մղում։ 

Այն փաստը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է հեղինակավոր ու մեծամասշտաբ մի շարք միջոցառումներ, հավանական է դարձնում, որ հիբրիդային գործիքակազմ կիրառող դերակատարները կփորձեն օգտագործել նշված միջոցառումները՝ տարբեր վնասակար գործողություններով Հայաստանի՝ որպես մասշտաբային միջոցառումների կազմակերպչի միջազգային հեղինակությանը վնասելու համար։

 

Նմանատիպ նյութեր