211652_close_icon
views-count1681 դիտում article-date 22:34 16-05-2026

Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. դատական բաժանմունքում հայտնաբերվել է քննիչի որոշմամբ այնտեղ տեղափոխված տղամարդու մարմինը

Այսօր՝ մայիսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Ժամը 18:10-ի սահմաններում նշված կենտրոնի 1-ին հարկի 7-րդ բաժանմունքի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված կենտրոն են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքում, որը համարվում է դատական, առաստաղից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Հ.-ն։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմեն Հ.-ն նշված կենտրոն էր տեղափոխվել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ. նշված վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Իսկ նա հոգեկան առողջության կենտրոններից մեկում հաշվառված է եղել «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշմամբ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր