211652_close_icon

Եգիպտոսի նախագահը բարձր է գնահատել Թրամփի առաջարկը՝ Եթովպիայի հետ Նեղոսի ջրերի օգտագործման շուրջ վեճը լուծելու համար

views-count1576 դիտում article-date 18:00 17-01-2026
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ հանդես գալ որպես միջնորդ Նեղոսի ջրային ռեսուրսների շուրջ Եգիպտոսի և Եթովպիայի միջև ծագած վեճում:

X սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ Ալ-Սիսին շաբաթ օրը հայտնել է, որ պատասխանել է Թրամփի նամակին՝ վերահաստատելով Եգիպտոսի դիրքորոշումը և մտահոգություն հայտնելով երկրի ջրային անվտանգության վերաբերյալ՝ կապված Եթովպիայում «Վերածնունդ» ամբարտակի շինարարության հետ:

Ինչպես նշում է Reuters-ը, ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի միջնորդությունը «Վերածնունդ» ամբարտակի շուրջ Եգիպտոսի և Եթովպիայի միջև ծագած վեճի կարգավորման հարցում, որը և՛ Եգիպտոսը, և՛ Սուդանը լուրջ սպառնալիք են համարում կենսական նշանակություն ունեցող ջրի աղբյուրների համար: Եգիպտոսը վաղուց է հանդես գալիս այս նախագծի դեմ՝ մտավախություն ունենալով Նեղոսի ջրերի ապագա մատակարարումների համար, որոնցից երկիրը խիստ կախվածության մեջ է:

Սուդանը գետի ստորին հոսանքում գտնվող ևս մեկ երկիր է, որը մտահոգություն է հայտնել ջրի սեփական աղբյուրների և ամբարտակների կարգավորման ու անվտանգության վերաբերյալ: Եթովպիան՝ մայրցամաքի երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը (ավելի քան 120 միլիոն մարդ), Նեղոսի վտակի վրա 5 միլիարդ դոլար արժողությամբ ամբարտակի շինարարությունը համարում է իր տնտեսական հավակնությունների իրականացման առանցքային տարրը: Եթովպիան բազմիցս մերժել է Եգիպտոսի հավակնությունները:

Նմանատիպ նյութեր