211652_close_icon

Ձեզ չեմ լքել տղաներ. քանի դեռ գերության ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու. Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյան

views-count1261 դիտում article-date 10:04 15-01-2026
Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձաց Գևորգ Սուջյանը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։ Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով,որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։

«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այս օրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։

Այս օր ես վերաբեռնելու եմ նվիրումս, որպեսզի խուսափեմ կեղծ ազնվականությունից, լինեմ անկեղծ, համեստ ու շիտակ և իբրև հասարակ մահկանացու դրել եմ ոտքերս երկրիս սուրբ հողին։

Մի գուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ, եթե արժանի չլինեն դրան։ Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց ես կժպտամ ճչացող իմաստությամբ, որ խրված է սրտիս խորքում և եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ, ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի, մարդի'կ, իմացե'ք, խենթերն են պտտում մոլորակն առաջ։

Ես չեմ վախենում տարբերվելուց։Ես վստահ սլանալու եմ առաջ։Այս օրը իմ օրն է։

Նոր կյանք, նոր պայքար»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ 

Նմանատիպ նյութեր