211652_close_icon

Վթարի ենթարկված 748 մեքենայից ընդամենը 28–ն է եղել ոչ ձմեռային անվադողերով․ ՆԳՆ

views-count562 դիտում article-date 12:41 30-12-2025
Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շարունակում է ուժեղացված հսկողությունն ու խիստ վարչարարությունը։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ միայն վերջին 3 օրում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 5131 տրանսպորտային միջոց, որոնցից 550-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ ձմեռային անվադողերով, ինչպես նաև սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով երթևեկելու համար։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար, որոնց գերակշիռ մասը նյութական ելքով են եղել։ Նշված պատահարների մասնակից 1454 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 28-ի անվադողերն են եղել ամառային։

«Պարեկային ծառայության աշխատակիցները համագործակցում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի և անհրաժեշտ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրում գործընկերներին։ ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է»,-հայտնում են նախարարությունից։

Նմանատիպ նյութեր