211652_close_icon

Առեղծվածային մահվան դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին. քրեական ոստիկանները տաք հետքերով կասկածյալին վնասազերծել են Լոռու մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2638 դիտում article-date 11:38 22-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքում ժողովրդին հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ՝ Լալայան փողոցի տներից մեկի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը, դատախազի տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանն ու Արամ Եդիգարյանը։

Մինչ տեղում աշխատում էր քննչական խումբը՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Գ.-ն է, ում մարմնի վրա դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, ինչը ենթադրում է, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, թե որտեղ է տեղի ունեցել ծեծկռտուքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու Կումայրիի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ կասկածյալը Գյումրիից մեկնել է Լոռու մարզ։

Օպերատիվ խումբը մեկնում է Լոռու մարզ, որտեղ էլ հայտնաբերում են կասկածյալին և սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են Շիրակի մարզի քրեական վարչություն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածն ու նրան ծեծի ենթարկած կասկածյալը Գյումրիում ավելի շատ հայտնի էին ոգելից խմիչքի հետ մեծ սեր ունեցողներ ու ցավով ասում էի որ գրեթե ամեն օր նրանք գինովցած էին լինում․ Հաստատ էդ սպանությունը տեղի է ու եղել երբ երկուսն էլ եղել են ոչ սթափ։ Նույնիսկ որոշ խանութներ իմանալով որ նրանք միշտ խմած են, երբ ոգելից էին ուզում գնել, հրաժարվում էին տալ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր