211652_close_icon

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է Ուկրաինայի խաղաղության ծրագրի կարևոր կետերը

views-count997 դիտում article-date 18:50 23-11-2025
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է Ուկրաինայի խաղաղության ծրագրի ամենակարևոր կետերը։

«Նախ՝ սահմանները չեն կարող փոխվել ուժով։ Երկրորդ՝ որպես ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան չի կարող ունենալ զինված ուժերի սահմանափակումներ, որոնք կդարձնեին երկիրը խոցելի ապագա հարձակումների համար և այդպիսով կվտանգեին նաև եվրոպական անվտանգությունը։ Երրորդ՝ անհրաժեշտ է լիարժեք արտացոլել Եվրամիության կենտրոնական դերը Ուկրաինայում խաղաղության ապահովման գործում։ Ուկրաինան պետք է ունենա ազատություն և ինքնիշխան իրավունք ընտրելու իր ճակատագիրը»,- նշվում է հայտարարության մեջ։

Ըստ ֆոն դեր Լայենի, ուկրաինացիները ընտրել են եվրոպական ուղին։

«Այն սկսվում է երկրի վերականգնումից, նրա ինտեգրումից մեր միասնական շուկային և մեր պաշտպանական արդյունաբերական բազային և, ի վերջո, միանալուց մեր Միությանը։ Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Ուկրաինայի, մեր անդամ պետությունների, Ցանկացողների կոալիցիայի և ԱՄՆ-ի հետ՝ իրական առաջընթացի հասնելու համար խաղաղության ճանապարհին։ Կարևորն այն է, որ մենք առաջ ենք շարժվում որպես գործընկերներ, մեկ միասնական ուղով։

Եվ ես ուզում եմ ավարտել մի հարցով, որը կարևոր է անձամբ ինձ համար։ Ամենակարևոր տարրը, որը պետք է լինի ցանկացած համաձայնագրի մաս։ Յուրաքանչյուր ուկրաինացի երեխայի վերադարձը, որին առևանգել է Ռուսաստանը։ Ռուսաստանի կողմից պատերազմի հետևանքով առաջացած բոլոր սարսափներից ոչ մեկը ավելի ուժեղ չի ցավեցնում, քան սա։ Տասնյակ հազարավոր տղաներ և աղջիկներ մնում են Ռուսաստանում։ Նրանք վախեցած են և կարոտում են իրենց հարազատներին։ Մենք պետք է այս երեխաների հարցը դնենք գլոբալ օրակարգի առաջին տեղում։ Ահա թե ինչու Ուկրաինայի և Կանադայի հետ համատեղ միջազգային կոալիցիայի գագաթնաժողով ենք անցկացնելու՝ ուկրաինացի երեխաների վերադարձի համար։ Մենք չենք հանգստանա, քանի դեռ նրանցից յուրաքանչյուրն իր ընտանիքի հետ չի վերամիավորվել, իր տանը, որտեղ նրանց տեղն է»,- եզրափակել է ֆոն դեր Լայենը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել կառուցողական զրույցի և դրական արդյունքի վերաբերյալ։ «Ուկրաինական և ամերիկյան թիմերը, ինչպես նաև մեր եվրոպացի գործընկերների թիմերը սերտ կապի մեջ են, և ես շատ հույս ունեմ, որ արդյունքներ կլինեն։ Մենք պետք է դադարեցնենք արյունահեղությունը և ապահովենք, որ պատերազմը չվերսկսվի», - գրել է Ուկրաինայի առաջնորդը սոցիալական ցանցերում

Նմանատիպ նյութեր