Հոգլանդի հայտարարության առաջին երկու կետերը կարևոր են. Ստեփան Գրիգորյան
«Հայաստանի քաղաքական ուժերի մեջ մի հարցում կա կոնսենսուս, որը հետևյալն է՝ եթե միայն Ռուսաստանը կարգավորի Արցախի հարցը, մենք կկորցնենք Արցախը: Ուրեմն շատ դրական է, որ ամերիկյան համանախագահողը ակտիվ զբաղվում է Արցախի հարցով: Միացյալ Նահանգները ակտիվ են, ինչը շատ դրական է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդի՝ Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակած կետերին։
Քաղաքագետը նկատեց, որ վերջին 4 տարվա ընթացքում չկան բանակցություններ, կողմերը միայն խոսում են զորքերը դուրս բերելու մասին, իսկ Հոգլանդի հայտարարության առաջին երկու կետերը ավելի քան կարևոր են, քանի որ կարգավիճակի հետ կապված հարցրեր են շոշափում:
«Առաջին երկու կետերի մեջ կարգավիճակի հետ կապված հարցն է դրված: Այս ինչպե՞ս ոչ ոք չնկատեց, որ միշտ առաջին կետում դրվում էր զորքերի դուրս բերելու հարցը, իսկ հիմա որակապես տարբերություն կա: Ամերիկյան դիրքորոշումը շատ օբյեկտիվ է և համապատասխանում է մեր շահերին»,- հավելեց նա:


