211652_close_icon

«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների փոփոխված մեղադրանքներն առաջիկայում կներկայացվեն դատարան. Գլխավոր դատախազ

views-count2623 դիտում article-date 14:41 18-11-2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հրավիրված՝ ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկմանն անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով 2022 թվականից մինչ օրս Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և այլ, այդ թվում՝ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված գործողություններին.

Վարդապետյան նշել է,  որ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքի պաշտպանությունն ու պետական շահերի պաշտպանությունը շարունակվում են տարբեր իրավական գործընթացների շրջանակում։

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականին հակասահմանադրական էր ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը («սահմանադրական կարգը տապալելը»), ինչի հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին դատարանը դադարեցրել էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։  

«Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ»,- ասել է նա:

«Վճռաբեկ դատարանը 2022 թվականին ընդունել էր բողոքը վարույթ, իսկ 2024 թվականի հունվարի 19-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ քրեական դատավարության մի շարք նորմերի սահմանադրականության հարցով։ ՍԴ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ հաստատվել է, որ մեղադրողը կարող է փոխել մեղադրանքի իրավական որակումը՝ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը։

Եթե մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել»,- նշել է Վարդապետյանը։  

«Հաջորդելով այս մոտեցմանը՝ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերին բեկանել է նախորդ դատական ակտերը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ ՍԴ որոշումից և Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից հետո, 2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային մեղադրողը փոխել է մեղադրանքի իրավական որակումը։ «2024 թվականի հոկտեմբերի 11-ին կայացվել են Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին՝ նախկին 300.1 հոդվածով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխելու և նոր՝  2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ: Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ»,- ավելացրել է նա:

«Դատարանը հանրային մեղադրողին ժամկետ է տրամադրել նշված որոշումները Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար:

Առաջիկայում փոփոխված մեղադրանքները կներկայացվեն դատարան»,- տեղեկացրել է Գլխավոր դատախազը:

Նմանատիպ նյութեր